՛՛Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համագործակցում են՛՛

ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալը ռուսների ծրագիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: ՛՛Պետք է երևա պայքար, տարբեր ուժեր, ակտիվություն, քաղաքացիական պայքար՛՛,-նշեց նա: Վերջինս վստահ է, որ ՕԵԿ-ի հրավիրած համազգային հանրահավաքին, եթե մարդ չբերեն, հազիվ թե հարյուր հոգուց ավել մարդ հավաքվի: Ինչպես ՕԵԿ-ին, այնպես էլ քառյակին Կարապետյանը լուրջ չի վերաբերում:
՛՛Ես հիշում եմ՝ Արամ Սարգսյանը ասում էր երեսուն օր, գնացին, ստեղ չեն արդեն, դա իշխանության կողմից ոչ ամբողջովին, բայց ուղղորդվում է: Ես համարում եմ՝ իրենք համագործակցում են, երկրի նախագահը տվեց վարչապետի պաշտոնը, որ իշխանավորի, քառյակն էլ կլռի ու կփորձի պառլամենտական սարքի մեր պետությունը, ինչն աղետ է երկրի համար՛՛: Նա չի բացառում նաև, որ քառյակի հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ու նրա վերադարձը ևս բացառված չէ: ՛՛Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գոնե քցոցի չկար, որը հիմա կա, պայմանավորվածությունները պահում էին՛՛:
Հարցին, թե ինչ է սպասվում աշնանը, նա պատասխանեց. ՛՛Աշնանը խաղեր կտան՛՛: Ինչ վերաբերում է նախագահի հաջորդ թեկնածուին, ապա Կարապետյանն ընդգծեց. ՛՛Անուն չկա, բայց այդ փոփոխությունները, կադրային փոփոխությունները ստիպում են մտածել, որ դա կլինի այդ կրուգից, կամ դրսից մարդ կլինի՛՛: Կարապետյանն ուրախ կլիներ, որ երկրի նախագահը դառնար Նիկոլ Փաշինյանն, ում անկեղծությանը հավատում է:
Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը երկրորդ նախագահի հետ, նա պատասխանեց. ՛՛Ինքը միշտ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ես որ քննադատում էի Լևոն Տեր-Պետրոսյանին, ընդդիմադիր լրագրողներն ասում էին՝ ինչու, էսա կգա, ո՞ւր է, նո՞ր հասկացավ, որ տարիքն առել է, քաղաքականության մեջ տարիք չկա՛՛: