Տնտեսության զարգացման համար ԼՂՀ իշխանությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում հատկապես գործարար միջավայրի ձևավորմանը
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հուլիսի 3-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների:
Ողջունելով բարերարներին` Ա. Աղաբեկյանը ամփոփ ներկայացրել է Արցախի զարգացման գործում Հիմնադրամի կատարած աշխատանքների մասին` նշելով, որ 21-րդ դարում հայապահպանության թիվ մեկ խնդիրներից է զարգացած ու հզոր հայրենիք կառուցելը, որին պետք է ուղղված լինեն համահայկական ջանքերը:
Խոսելով հայրենիքում իրենց ստացած տպավորությունների մասին` ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչներն, օգտվելով հանդիպման հնարավորությունից, հարցադրումներ են կատարել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ:
Ա. Աղաբեկյանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսության զարգացման համար ԼՂՀ իշխանությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում հատկապես գործարար միջավայրի ձևավորմանը: Զուգահեռաբար, կարևորելով ենթակառուցվածքների զարգացումը` փոխվարչապետը մատնանշել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի և այդ ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող երկրորդ օդային էլեկտրական գծի կառուցման ծրագրերը: Աղաբեկյանը ընդգծել է, որ եթե տարիներ առաջ Սփյուռքից միայն օգնություն էր սպասվում, ապա այսօր փոխվել են մոտեցումները. ցանկալի է, որպեսզի սփյուռքահայ գործարարները Արցախում բիզնեսի նպատակով ներդրումներ կատարեն, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:
Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ հնչեցված հարցին՝ Ա. Աղաբեկյանը նշել է, որ այդ ուղղությամբ Արցախում ակնկալում են միջազգային հանրության աջակցությունը և կոչ է արել, որպեսզի սփյուռքի համայնքներն այս հարցում ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավվեն քարոզչական աշխատանքներում: