24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սխալի համակարգը. Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն  ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ «սխալի համակարգը» ընդհանրապես։

Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությունը և մեկ վայրկյան անգամ չկասկածելով իրենց ղեկավարի հայտարարության իսկությանը, իսկ ավելի ցածր ռանգի համակիրները, լրիվ Օրուելի 1984-ի մոտիվներով, շտապեցին «ընկալել», որ մենք արդեն հաղթել ենք Եվրազիային ու հիմա կռվում ենք ուրիշ հետ։

Առաջին հայացքից տրիվիալ պատմությունն իրականում խոսում է խորքային համակարգային պրոբլեմի մասին։ Մեկի սխալը բացահայտում է  շատերի սխալը։

1. Չկար որևէ անհրաժեշտություն, որը կստիպեր երկրի վարչապետին, առանց փաստերի, իմպուլսիվ հայտարարություն անել։ Հետևաբար՝ տրամաբական է մտածել, որ կա նման աշխատանքային հակվածություն, և ցանկացած պահի այն կարող է այլ՝ անհամեմատ ավելի վտանգավոր թեմաների վերաբերել։ Եվ չկա զսպող համակարգը։

2. Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը։ ՆԱ ասաց, ուրեմն՝ ճիշտ է, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։ Սա երկրորդ վտանգն է, որը պետք է ընդունել որպես փաստ ու հետագայում՝ ավելի բարդ իրավիճակներում, ի նկատի ունենալ։

3. Պետական ինստիտուտները նախընտրում են անձնական մոտիվացիայով լռել, մնալ ստվերում. ԿԲ-ն լռեց, էկոնոմիկայի նախարարությունը լռեց։ Այնինչ՝ որպես պետական ինստիտուտներ պարտավոր էին տալ պարզաբանումներ։

4. Խորհրդարանական ընդդիմությունը բացակա էր։ Սա ևս տխուր փաստ է, խոսում է ոչ բավարար «մարզավիճակի» մասին։ Շեշտում եմ. սա ոչ թե անհատական ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է, այլ՝ ինստիտուցիոնալ։ Ցանկացած նորմալ երկրում խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգար հստակ դիրքորոշմամբ, անկախ՝ տոնական օրերի մթնոլորտից։

5. Ոչ խորհրդարանական քաղաքական համակարգը ցույց տվեց, որ այն, որպես համակարգ, շարունակում է մնալ կազմալուծված վիճակում։ Դարձյալ շեշտում եմ. խոսքն անձերի մասին չէ: Այս հարթությունում մենք ունենք բավարար թվով գրագետ ու փորձառու դեմքեր, այլ՝ քաղաքական համակարգի։

Նշած 5 կետերը ցույց են տալիս մեր պետական-քաղաքական համակարգի խորքային խնդիրները։ Նման պայմաններում ի՞նչ ենք ուզում հասարակ քաղաքացուց, ի՞նչ իմաստ ունի հետևել սոցհարցումների արդյունքների տատանումներին, ի՞նչ ակնկալիք ունենք փաստից, թե այս կամ այն անհատի վարկանիշն ինչքան ընկավ կամ շտկվեց։ Հասարակ քաղաքացու և հասարակության համար դա չնչին նշանակություն ունի, որովհետև մի շրջանակի վարկանիշի կորուստը ամենևին չի ենթադրում մեկ այլ շրջանակի վարկանիշի ձևավորում։ Մի շրջանակի ոչ պրոֆեսիոնալիզմը, նույնիսկ իր ողջ վտանգավորության գիտակցմամբ, հանրային գիտակցության մեջ մեխանիկորեն չի ենթադրում այլընտրանքի գոյացում։

5 կետով բնութագրված իրականությունն ավելի լուրջ թեմաների դեպքում կարող է առաջացնել խնդիրներ՝ ընդհուպ մինչև անվտանգություն և պետական կենսագործունեություն։ Իսկ մենք չունենք որևէ երաշխիք, որ հենց վաղը նույնը չի կրկնվի։ Հայաստանը պետք է հանել այսօրվա՝ մեկ հոգու աշխատանքի տիրույթից. մեզ պետք են առողջ ինստիտուտներ՝ պետական, քաղաքական, հանրային և այլն, որոնք կհակակշռեն, կզսպեն, կկանխարգելեն։ Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում կենսունակ պետություն ունենալ, ապա պետք է անենք դա։ Իշխանության մեջ և իշխանությունից դուրս լավ անհատներ ունենալը քիչ է. աշխատող առողջ ինստիտուտներ են պետք։ Անհատների վրա ամուր պետական հիմքեր կառուցելը անհնար է, հատկապես՝ այսօր, հատկապես՝ այս տարածաշրջանում։

Մյուս տարբերակը

Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա։ Այսօրվա մեր «մանկապարտեզը»՝ կադրային և մտածողության, համարժեք չէ ո՛չ միայն Հայաստանի առջև կանգնող սուր մարտահրավերներին, այլև՝ խոշոր խաղացողների հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակին։ Միշտ չէ, որ դուռը ծեծողները լինում են բարեկամ ու բարյացակամ։ Շատ հաճախ նրանք գալիս են տհաճ և հրատապ լուծում պահանջող հարցերով, որոնց համար տանը միշտ պիտի սթափ ու իրազեկ մեծեր լինեն։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ