24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել ժամանակակից և առավել մահաբեր. Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամանորյա ուղերձ է հղել։ Դրանում ասված է. 

«Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։

Ձեռքբերումները կարելի է երկար թվարկել։ Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով։

Մարդկության պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ որևէ բանակ, որը երկրի անվտանգությունն ապահովելու իր բանաձևում հիմնական խնդիր է սահմանում խրամատային պաշտպանությունը, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Հետևաբար մենք կարիք ունեինք վերաիմաստավորելու մեր ընկալումները «ի՞նչ պետք է անել», «ինչպե՞ս անել» և «ինչո՞վ անել» շատ կարևոր հարցադրումների պատասխանները փնտրելիս։

Այդ պատասխաններից էին նաև կախված մեր հետագա գործողությունները. ի՞նչ ենք սովորեցնելու ժամանակակից հայկական բանակի ժամկետային զինծառայողներին՝ վարժ տիրապետել խրամատային պաշտպանության հիմնական սկզբունքներին, թե՞ նրանցից ցանկացած պահի նաև հակառակորդի տարածքում մարտական առաջադրանքը փայլուն կատարող վճռական մարտիկ պատրաստել։
Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական բանակի սպան՝ ընդամենը զինվորական գործի նրբություններին լավ տիրապետող լեյտենանտ, մայոր կամ գնդապետ, թե՞ բարձրակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես կոփված, առաջնորդելու ունակություններ ունեցող ինտելեկտուալ, որն իր ստորաբաժանման հետ պատրաստ է ցանկացած խնդրի լուծման։

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում։

Ինչպիսի՞ն պետք է լինի այդպիսի խնդիրներ իր առջև դրած բանակի զինծառայողների սնունդը, հանդերձանքը, ինչպե՞ս պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները և այլն։ Առաջին հայացքից՝ անվերջանալի թվացող հարցեր, որոնց պատասխանները, այդուհանդերձ, պե՛տք էր գտնել առաջ շարժվելու համար։ Եվ հպարտությամբ փաստենք, որ մենք միասին՝ առաջնագծի մարտական դիրքերն անառիկ պահող շարքայինից մինչև մարտական փայլուն ուղի անցած ու հիմա էլ իր կյանքը զինվորական ծառայությանն անմնացորդ նվիրաբերած գեներալ՝ կարողացանք անել ամենակարևորը՝ փոխել շատ ընկալումներ, լուծել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ կատարել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։

Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինութունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը։

2019 թվականի ամենակարևոր ձեռքբերումն այս առումով առավել քան ակնհայտ է. մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։

Սիրելի՛ ծառայակից ընկերներ

Ուզում եմ նորից փաստենք ու գիտակցենք, որ սրի և վահանի հավերժական պայքարում սուրն ինչ-որ մի պահի հաղթելու է: Սա ապացուցված ճշմարտություն է: Եկե՛ք լինենք նախաձեռնող: Եվ լինե՛նք նախաձեռնող ոչ միայն սահմանում կամ միայն հակառակորդի դեմ պայքարում, այլև մեր առօրյա գործունեության մեջ: Պասիվությունը, մշտապես հրամանի սպասելը, աշխատանքը պարզապես կատարելու համար կամ ընդունված ձևով կատարելը մեզ համար պիտի դառնան սկզբունքորեն անթույլատրելի: Այս պարագայում առավել քան տեղին է հիշել մեր կարգախոսը՝ «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…»: Առաջարկում եմ այս տարի առաջնորդվել այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրս անելով թեկուզ մի փոքր, բայց առավել, քան…

Շնորհավորում եմ բոլորիդ տոների առթիվ, և թող 2020-ը նշանավորվի անառիկ սահմաններով ու կայուն անվտանգային համակարգով, բոլորիդ ընտանիքներում դառնա երջանկության, ջերմության, ձեռքբերումների տարի:

Ջերմ մաղթանքներով և համատեղ հաջողությունների վստահությամբ՝

Դավիթ Տոնոյան»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ