Քաշքշոցներից, հայհոյանքներից, սպառնալիքներից հետո…հասկացա, որ ոչ թե թշնամու հողում եմ, այլ Նոր Հայաստանում. լրագրող
Հարգելի՛ գործընկերներ, հարազատնե՛ր, բարեկամնե՛ր, ծանոթ ու անծանո՛թ մարդիկ, անչափ շնորհակալ եմ ու զգացված, որ ողջ օրվա ընթացքում ձեր սրտացավ վերաբերմունքով, օգնելու պատրաստակամությամբ իմ կողքին էիք։
Իմ լրագրողական գործունեության 10 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ իմ հայրենակիցների մեջ այդքան մեծ ատելություն ու թշնամանք տեսա իրենց հայրենակցի նկատմամբ։ Ցավալին այն է, որ ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե սխալմամբ հատել եմ սահմանը ու հայտնվել թշնամու հողում՝ գերու կարգավիճակում։
Մոտ 15 րոպե տևած միջադեպից, քաշքշոցներից, հայհոյանքներից, սպառնալիքներից հետո, երբ այդ մարդիկ «գթասիրտ» գտնվեցին ու մեզ 2 րոպե ժամանակ տվեցին տարածքից հեռանալու համար, հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ թե թշնամու հողում եմ, այլ Նոր Հայաստանում…
Ուզում եմ հավատալ, որ պատկան մարմինները անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն բոլոր մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քրեորեն պատժելի նմանատիպ արարքները մեր երկրում բացառելու համար…
Գրում է Կենտրոն հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը։