Աննախադեպ ամանորի համար այդքան շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ․ Արթուր Ղազինյան
Գործող իշխանությունները դատական համակարգը ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության համակարգը․ սա խորը մոլորություն է, քանի որ դատական համակարգը մասնագիտական կառույց է, որի նկատմամբ վստահությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի ծավալով, քանակով և դատավարության գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով, իսկ այսօր, կարող եմ ասել, դատավորները գերծանրաբեռնված են։
Ամփոփելով անցնող տարվա ընթացքում ՀՀ դատական համակարգի նկատմամբ իրականացվող գործողություններն ու կատարված իրադարձությունները՝ ասուլիսի ընթացքում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Վերջինս վերհիշեց 2019 թ․ մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին կոչն ու այն որակեց հակասահմանադրական։
«Հաջորդ խնդիրն իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դեմ թիրախավորված հարձակումներն են։ Կա մի այսպիսի ձևակերպում, որ ժողովրդի իշխանությունը հաստատված է գործադիրում, օրենսդիրում, սակայն ժողովրդի իշխանությունը հաստատված չէ դատական համակարգում։ Ցանկացած մասնագետի մոտ նման ձևակերպումը ժպիտ է առաջացնում։ Չկա նման բան։ ՍԴ–ն մասնագիտական մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներն ու լիազորությունները։ Ներկայում ՀՀ-ում պայքար է ընթանում իրավական պետության դեմ՝ քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները դարձնելով ուղենիշային դատական համակարգը նվաճելու գործում»,–նշեց Ղազինյանը։