24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին անհրաժեշտության ապրանքները կթանկանան. որո՞նք են դրանք /տեսանյութ/

«2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս  տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եթե ուսումնասիրում ենք կառուցվածքը, տեսնում ենք, որ հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը»,- այսօր`դեկտեմբերի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը՝ հավելելով, որ, եթե ծառայությունների ոլորտից հանենք զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, ապա կարող ենք եզրահանգում անել, որ հիմնականում շարժիչ են եղել տերմինալով խաղերը, բուքմեյքերական գործունեությունից օգտվողները և առևտրի մեծաքանակ աճը, ինչն էլ պայմանավորված է եղել 2019թ. աննախադեպ քանակով մեքենաների ներմուծմամբ, որը 9 ամիսների կտրվածքով կազմել է շուրջ 103.000:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ որոշակի վարչարարության իրականացման  և ստվերի կրճատման հաշվին  կարողացել ենք  արձանագրել բյուջեի եկամուտների աճ, որն 9 ամիսների կտվածքով կազմել է 21.6 տոկոս, և գերակատարվել է 9-ամսյա պլանավորված ցուցանիշը:

«Բյուջեի գերակատարմանը զուգահեռ՝ մենք ունեցել ենք  նաև կապիտալ ծախսերի թերակատարում. Ընդհանուր առմամբ բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 222 միլիարդ դրամով, իսկ կապիտալ ծախսերի թերակատարումը  շուրջ 122 միլիարդ դրամ է:

Ինչ վերաբերում է պարենային շուկայում տիրող իրավիճակին, ապա  ասեմ, որ  մեկ տարվա գնաճը կազմել է շուրջ 1.6 տոկոս, ինչը  ցածր է եղել  Կենտրոնական բանկի թիրախային 4 տոկոս ցուցանիշից, և շատ հաճախ գնաճի ցածր մակարդակը,  որպես կանոն, դրական լույսի ներքո են մեկնաբանում: Ցածր գնաճը խոսում է համախառն պահանջարկի նվազման, մարդկանց գնողունակության ցածր մակարդակի մասին: Եվ եթե դիտարկում ենք նախատոնական թանկացումները, ապա  կրկնվող գործընթացներ են, որոնք թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառաբանություն ունեն: Օբյեկտիվն այն է, երբ որոշակի ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկն ավելանում է,  գների փոփոխություն է արձանագրվում:

ՀՀ-ն ներմուծող երկիր է, ուստի ներմուծման կառուցվածքում ցանկացած փոփոխություն կամ համաշխարհային գների փոփոխությունները ազդեցություն են ունենում գնաճի ձևավորման վրա: Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակեց գնաճի ցուցանիշները, և արձանագրեցինք, որ 2019թ.նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝  ունեցել ենք շուրջ 1 տոկոս գնաճ: Հիմնականում առաջին անհնրաժեշտության ապրանքների գծով են թանկացումներն արձանագրվել. հացը թանկացել է 3.9 տոկոս, մակարոնեղենը՝ 7.6, ալյուրը և ձավարեղենը՝ շուրջ 5 տոկոս:

Սուբյեկտիվ գործոնների մասով էլ ասեմ, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտները ցանկանալով օգտվել իրավիճակից՝ որոշակի  գերշահույթ հետապնդելու նպատակով  գներն արհեստական բարձրացնում են»,- նշեց Մարինե Առաքելյանը:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ 2020թ. հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքատեսակների գծով  սպասվում են թանկացումներ, որից 300-ն ավտոմեքենաներն են:

«2015թ. ՀՀ-ն մուտք գործեց ԵԱՏՄ՝ վերցնելով արտոնյալ 5 տարի ժամկետ, որպեսզի  մաքսային դրույքաչափերով պայմանավորված՝ մեղմի գնաճի բացասական հետևանքները հասարակության վրա: 2020թ.այդ ժամկետը լրանում է: Առաջին անհրաժետության ապրանքներից կթանկանան հավի, տավարի միսը, կարագը, մարգարինը, ձեթը,  բրինձը: Հավի մսի համար գործում է 22 տոկոս մաքսատուրք, 2020թ.-ից 25 տոկոսի ենք անցում կատարում, 2021թ.՝ 50 տոկոս, իսկ 2022թ.՝ երրորդ երկրներից ներմուծվող հավի մսի մաքսատուրքը շուրջ 80 տոկոս է կազմելու:

60 տոկոսն ամերիկյան և բրազիլական հավ ենք ներմուծում, ուստի այս  համատեքստում թանկացումներն ակնհայտ են լինելու, բայց եթե ներմուծենք  ՌԴ-ից, Ուկրաինայից, զրո տոկոս մաքսատուրք կկիրառենք: Կարագի դեպքում այսօր գործում է 13 տոկոս մաքսատուրք, 2020 թվականից երրորդ երկրներից կարագի ներմուծման մաքսատուրքը  դառնալու է 15 տոկոս»,- նկատեց Մարինե Առաքելյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ