24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ո՞նց կարող է անկախ հանրապետության ղեկավարությունը բանակցել հասարակական կազմակերպության հետ. վտանգում ենք Արցախի սուբյեկտայնությունը». Արմինե Ադիբեկյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային բուն գործընթացի մանրամասներից ոչ ոք տեղյակ չէ, այսինքն՝ կարող ենք ընդամենը կռահել, թե խոսքն ինչի մասին է: Բայց մի բան պարզ է՝ Ադրբեջանի պահանջները չեն փոխվել, ինչն ապացուցեց Բրատիսլավիայի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմից շրջանառված փաստաթղթային դիրքորոշումը, որում ոչ մի նոր բան չկար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

«Վերջին 20 տարում խոսվել է անհապաղ հայկական զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի մասին, և այս ամենը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Սակայն չի նշվում, թե փախստականներն ինչ կարգավիճակով և քանակով են վերադառնալու, քանի որ նրանք 1 միլիոն մարդու ակնկալիքով են փորձում մտնել ընթացքի մեջ: 1 միլիոն մարդ բերեցին, լցրեցին Ղարաբաղ, և հետո՞, ինձ համար շատ անհասկանալի է Բաքվի դիրքորոշումը՝ զուտ դրսևորման առումով, իսկ բովանդակային ոչինչ չի փոխվել: Կրկնում եմ՝ սկզբունքային ոչինչ չի փոխվել, միակ բանը, որ փոխվել է, սա է՝ ադրբեջանական վարքագիծը դարձել է առավել ագրեսիվ և զոռբայական. առաջ նրանք բոլոր այդ սկզբունքներն ասում էին կիսաձայն, շշուկով, ակնարկներով, բառակապակցություններն ու թեզերը վերագրելով որոշակի հեղինակավոր անձանց՝ Լավրով, միջնորդներ, փորձագիտական հանրություն: Այս անգամ նրանք «թուրը» վերցրեցին և մտան «մարտադաշտ»:

Մենք չգիտենք, թե նրանք փակ դռների հետևում ինչ են խոսել, բայց, ըստ երևույթին, ոչ մի ընդհանուր հայտարարի չեն եկել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը վերադարձավ և շարունակեց կրկնել այն թեզերը, որոնցով մտել են բանակցային գործընթաց: Այսինքն՝ կողմերից ոչ մեկը պատրաստակամություն չհայտնեց զիջման գնալու: Օրինակ՝ Ադրբեջանը հրաժարվում է տարածքային ամբողջականության սկզբունքից, դրա դիմաց Հայաստանն ինչ-որ բան է զիջում, կամ հակառակը՝ Հայաստանը հրաժարվում է «ոչ մի թիզ հող» սկզբունքից, դրա դիմաց Ադրբեջանը զիջում է մեկ ուրիշ բան: Կողմերը մնացին իրենց դիրքերում, և, թե 2020-ի հունվարին ինչի մասին են խոսելու, կտեսնենք: Ինչ վերաբերում է Մամեդյարովի ելույթին (հարցազրույցին:- Մ.Պ.), դա բավականին տարօրինակ էր և բարձրաստիճան դիվանագետին ոչ հարիր՝ սարկազմ, հեգնանք, հիմար կատակներ: Սա խոսում է այն մասին, որ կա՛մ շատ վստահ են իրենց դիրքերի ամրության հարցում, ուստի կարող են թույլ տալ հեգնել հայկական կողմին և Զոհրաբ Մնացականյանին, կա՛մ հակառակը՝ այնքան վատ են իրենց գործերը, որ հեգնելուց բացի՝ ուրիշ ճար չունեն»,- նշեց Ադիբեկյանը:

Իսկ թե իրականում «Լավրովի պլան» գոյություն ունի՞, թե՞ չունի ԼՂ կարգավորման հարցում, ադրբեջանագետը նշեց, որ հնարավոր չէ խոսել այն բանի մասին, ինչը ոչ ոք չի տեսել:

«Պլանը դա այն չէ, երբ ինչ-որ մեկը մի բան ասաց ու գնաց: Կարելի է խոսել որոշակի փաստաթղթի շուրջ, որի տակ կան ստորագրություններ և կնիք, իսկ նման փաստաթուղթ գոյություն չունի: Թե հիմա Լավրովը բանավոր ինչ է ասել Բաքվում և Երևանում, դրանք, բնականաբար, տարբեր բաներ են, բայց ես «Լավրովյան պլան» չեմ տեսել, և չեմ կարող քննարկել այն, ինչի մասին բացարձակ տեղեկություն չունեմ: Այս թեման Բաքուն է շահարկում, և, ըստ իս՝ դա անում են, որ հայկական կողմին վախացնեն, թե՝ տեսեք, ՌԴ-ն ձեր դաշնակիցն է, շահերի պաշտպանը, բայց հակահայկական պլաններ է մշակում և առաջարկում: Դա այդպես չէ, երբ փաստաթուղթը կհրապարակեն, և կտեսնենք, թե այնտեղ ինչ կա, կամ գուցե չկա, այն ժամանակ նոր միայն կարող ենք քննարկել Լավրովի պլանը, Պուտինի պլանը»,- շեշտեց բանախոսը:

Հարցին, որ հայկական կողմում որոշ մարդիկ՝ ի դեմս ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի, «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայությանը բանակցություններում վատ չեն նայում՝ որպես Իլհամ Ալիևի հետ եկող պատվիրակության անդամ, ադրբեջանական այս թեզի ընդունումը հայկական կողմից ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում, ադրբեջանագետն արձագանքեց.

«Սա նույնն է, որ ՀՀ իշխանությունները նախագահի և վարչապետի մակարդակով սկսեն հավասարը հավասարի հետ բանակցել Երևանի փախստականների համայնքապետի հետ, մասշտաբը պատկերացնում եք, չէ՞: Ո՞նց կարող է անկախ հանրապետության ղեկավարությունը բանակցել հասարակական կազմակերպության հետ: Եթե ինձ բացատրեն, թե սա ի՞նչ օգուտ պիտի բերի՝ բացի վնասից, ես ներողություն կխնդրեմ Հովհաննես Իգիթյանից: Իսկ վնասը սա է՝ մենք վտանգում ենք Արցախի սուբյեկտայնությունը: Այսինքն՝ մենք իջեցնում ենք պետականություն ունեցող կառույցը հասարակական կազմակերպության մակարդակի: Դրանից վատ բան կարո՞ղ է լինել: Ես ոչ մի լավ բան դրանում չեմ տեսնում, եթե դա չեն տեսնում նախկին իշխանություննները, որոնք այսօր էլ են իշխանություն, ապա ես հասկանում եմ, թե ինչու ենք մինչև հիմա այս վիճակում»:

Մեր հաջորդ դիտարկմանը, որ Ադրբեջանում ամրապնդվում են Մեհրիբան Ալիևայի դիրքերը, ինչը հուշում է, որ ադրբեջանական հռետորաբանությունն առավել ռազմատենչ է դառնալու, հայկական կողմը հակազդող քայլեր անո՞ւմ է, այդ թվում՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ Մեհրիբան Ալիևայի ռազմատենչությունն արդեն իսկ նկատելի է, իսկ այն, ինչ ունի հայկական կողմը տեղեկատվական պատերազմի հարթությունում, բավականին տխուր է:

«Գուցե կան բաներ, որոնք չեն երևում, և գա մի պահ՝ «պայթեցվի», բայց այն, ինչ այսօր ես տեսնում եմ և ինչ պետք է լինի, իրարից բավականին հեռու են և ոչ համարժեք: Հայկական կողմը շատ անելիքներ ունի՝ տեղեկատվական, քարոզչական, իրազեկման առումներով»,- լրացրեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունը հետևյալ բանաձևումն ունի՝ «կամ դու ինձ սիրում ես, կամ ես քեզ պետք է մորթեմ»:

«Այլ կերպ ասում են՝ «կա՛մ դուք լավով եք գալիս մեզ հետ ապրելու, և կշարունակենք այն, ինչ արել ենք, կա՛մ առանց դրա կգանք ձեզ կմորթենք և կվերցնենք մեր հողերը՝ Զանգեզուրով, Երևանով, և դուք կոչնչանաք առհասարակ»: Սա է Ադրբեջանի մոտեցումը վերջին 100 տարում և լինելու է մոտակա հարյուր տարին ևս: Հանկարծ չխաբնվեք, որ Ադրբեջանում կարող է մի բան փոխվել: Նրանք կարող են 100 հանդուրժողականության կենտրոն բացել, բայց դա ոչինչ չի փոխում այդ հասարակության ներսում»,- ընդգծեց Ադիբեկյանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ