Կքննարկվի Յուրա Մովսիսյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցը
ՀՀ կառավարության հունիսի 26-ի նիստում կքննարկվի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը:
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Յուրա Սերգեյի Մովսիսյանին (ծնված՝ 1987 թվականի օգոստոսի 2-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ.
«Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2014 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Սերգեյի Մովսիսյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Յուրա Սերգեյի Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքականի սպասվելիք խաղերին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 606 Ա որոշմամբ Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ Յուրա Սերգեյի Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»: