10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բելգիայի հայ երիտասարդները պահանջում են պատժել Գառնիի և Զվարթնոցի սրբապղծության մեղավորներին. բաց նամակ

Տեր կանգնենք մեր արժեքներին

Մենք՝ Բելգիայի հայ երիտասարդներս, ահազանգելով դիմում ենք հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին:

Սույն թվականի հունիսի 18-ին “Գառնի”  պատմամշակութային արգելոց-թանգարանը օտարերկրյա հյուրերի համար վերածվել էր ռեստորանային համալիրի: Կազմակերպված կերուխումի ժամանակ արգելոց-թանգարանի մուտքը փակել էին առօրյա այցելուների համար: Դրանից օրեր առաջ է՛լ ավելի անընդունելի իրադարձություն տեղի ունեցավ Զվարթնոց տաճարի տարածքում: Այս անգամ թույլ էր տրվել օտարերկրացիներին մեր սրբավայրում կազմակերպել խրախճանքի երեկո մերկապարուհիների մասնակցությամբ:

Այս երկու խայտառակ իրադարձությունները խորը վրդովմունք և զայրույթ առաջացրեցին մեր մեջ: Սա բացահայտ սրբապղծություն է: Բոլորիս աչքի առաջ հանդգնորեն ոտնահարվեց մեր ազգային արժանապատվությունը: Այս ոտնձգությունը մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ ապացույց է առ այն որ մեզ առհամարում են մեր իսկ հայրենիքում:

Այս ամենի հանդեպ ծայրահեղ կոռումպացված իշխանությունների և նյութապաշտ եկեղեցու հանցակից պահվածքը սպասելի էր: Սակայն բոլորովին անընդունելի է մտավորականության և ժողովրդի անտարբեր լռությունը:

Ելնելով այս իրողությունից, դիմում ենք բոլոր գիտակից հայերին, կոչ անելով ըստ արժանվույն արձագանքել կատարվածին: Հարկավոր է պատասխանատվության  ենթարկել կազմակերպիչներին և նրանց մեղսակիցներին հայ ազգը նվաստացնող արարքի համար:

Այսուհետ հայ մտավորականը և առհասարակ հայ մարդը պետք է գիտակցի, որ ինքն է այն զինվորը ում ուսերին դրված է հայկական բարձրագույն արժեքների պաշտպանության պատասխանատվությունը:

Այսօր, ինչ ինչ պատճառներով, բազմաթիվ հայորդիներ գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում: Սակայն դա չի նշանակում, որ նրանք անտարբեր են հայրենիքի խնդիրների նկատմամբ: Դեռևս նրանք հոգեպես են ձեզ հետ, սակայն շատ շուտով դուք զգալու եք նրանց ֆիզիկական ներկայությունը ձեր կողքին:

21 հուլիսի, 2014 թ.

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ