Հայաստանից ոչ ոք չի հարցնում ԵՄ թե ՄՄ. Ֆրանսիայի դեսպան
“Հայաստանում՝ Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները“ թեմայով Մամուլի ազգային ակումբում քննարկումանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն անդրադառնալով թեմային նշեց, որ Հայաստանի ռազմավարությունը երկու նպատակների է ուղղված. մի կողմից ապահովել պետության եւ ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական, տնտեսական զարգացումը՝ հաշվի առնելով այս երկու նպատակների փոխկապակցվածությունը:
Դեսպանի խոսքով սա էր պատճառը, որ Հայաստանի իշխանությունները կայացրին երկու որոշում: “ Միանալ Մաքսային Միությանը, որը Եվրասիական միության սիրտն է՝ կենտրոնը, մյուս կողմից՝ վերահաստատել եւ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: ԵՄ-ի հետ Հայաստանը ցանկանում է, միտում ունի ասոցացվել, որը հաստատվեց նաեւ Վիլնյուսի գագաթաժողովում“,- ասաց դեսպանը:
Ռենոյի խոսքով Ֆրանսիայի նախագահը հստակ արտահայտեց իերնց տեսակետը, թե Հայաստանի համար պետք է լինի դիֆերենցված՝ տարբերակված մոտեցում: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ստորագրի Եվրոասոցացման համաձայնագիրը:
„ Հայաստանը խորապես եվրոպական երկիր է, իր մշակույթով, իր որդեգրած արժեհամակարգով, իր պատմությունով, ինչպես նաեւ իր ժողովրդի կամքով, որն անընդհատ ի հայտ է բերում: Այսօր ուկրաինական թնջուկը հաշվի առնելով՝ ոչ մեկը կարծես թե Հայաստանին չի հարցնում՝ Եվրամիությո՞ւն է ուզում, թե՞ Եվրասիական միություն: Այս թեման օրակարգում չկա: Իսկ այսօր շրջանառվում է հետեւյալ միտքը՝ ընդարձակ տնտեսական գոտու ստեղծում, որն իր մեջ ներառում է Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս: Բոլորովին վերջերս ես էլ լսել եմ նման մի խոսակցություն, որն արտաբերվել է եվրոպական զարգացած երկրներից մեկի գերագույն բարձր մակարդակի ղեկավարից“,-նշես դեսպանը: