Ֆուտբոլի հավաքականի պարտությունը պատահական չէ. Իշխանության դեմարշն ընդդեմ Վանեցյանի. Փաստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով:
Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը:
Հիմա հասկանանք՝ ինչպես:
Այս պարտությունը միայն մեկ խաղի արդյունք չէ, սա առկա իրավիճակի արտացոլանքն է:
Դեռ առիթ կլինի խոսել մարզական կողմի մասին, այն մասին, որ ֆեդերացիայում պարզապես չեն հասկանում, թե ինչով են զբաղված, այն մասին, թե ովքեր են հայտնվում հավաքականի հետ արտագնա հանդիպումների մեկնող պատվիրակության կազմում, այն մասին, որ ֆեդերացիան ուղղակի ֆուտբոլի զարգացման ծրագիր չունի, այն մասին, թե ինչպես է իսպանացի մարզիչը չարդարացված բարձր աշխատավարձով հայտնվում մեր ֆեդերացիայում, հետո այստեղ խցկում նաեւ իր փեսային, այն մասին, որ պարզապես առկա չէ այն տեսլականը, թե ինչ ճանապարհով է գնալու հայկական ֆուտբոլը:
Այս պարտությունն ունի նաեւ բարոյահոգեբանական ու, որ ամենացավալին է, քաղաքական պատճառներ:
Ընդ որում, այնպիսիք, որոնք վտանգում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ուղղակի նետել անդունդը:
ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականից հետո լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել ուղիներ՝ Վանեցյանին նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկելու համար:
Եվ այն, որ ֆեդերացիայում պարզապես դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ, ապացուցվեց նաեւ Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված պատմությամբ, երբ գործկոմի անդամ «քայլողները» ոչնչից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հույսով, որ գտել են Վանեցյանից ազատվելու միջոցը:
Ավելին, դեռ անցյալ տարվանից բազմիցս բարձրաձայնվել է, որ Մելիքբեկյանը բացարձակ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ առկա խնդիրները թաքցնում է Վանեցյանից:
Մենք բացարձակ հակված չենք կարծել, թե 1:9 հաշվով պարտությունը նշյալ դեմարշի շարունակությունն է, առավել հակված ենք հավատալ, որ այդ դեմարշի եւ անառողջ մթնոլորտի հետեւանքն է, առավել եւս, որ հավաքականի հետ Իտալիա չի մեկնում ֆեդերացիայի ղեկավարներից եւ ոչ ոք:
Սա աննախադեպ է ու խորքային խնդիրների եւս մեկ ապացույց:
Դեռ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ թիմի հետ կապված նշյալ տեղեկությունները մենք չհրապարակեցինք՝ առավել չսրելու վիճակը ու առավել չնպաստելու բարոյալքված վիճակի խորացմանը:
Ժամանակը ցույց տվեց, որ տեղեկությունները բացարձակ ճիշտ էին, իսկ խորացման տեղ այլեւս չկար:
Ինչեւէ, եթե ամփոփենք, ապա ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հեռանալը ամենաճիշտ լուծումն է, նա այլեւս ֆեդերացիայում անելիք չունի, բայց դա լավագույն դեպքում «կյուղի» իշխանավորների սրտերը, սակայն ֆուտբոլային իրականությանը ոչ մի բան չի տալու. համակարգն է նեխած:
Սակայն այս վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են ու թույլ չեն տա, որ գեթ մեկ ոլորտ, այսպես կոչված, իրենց ուղղակի վերահսկողության տակ չլինի՝ սկսյալ դատարաններից մինչեւ ֆուտբոլի ֆեդերացիա:
Այս իշխանությունները ցանկացած քայլ իրականացնում են բացարձակապես անձնական դրդապատճառներով ու անձնական հարթության մեջ: Խոսքը եւ՛ հարուցվող քրեական գործերի մասին է, եւ՛ պարզ աշխատանքային հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին արդյունքը չի հետաքրքրում, կարեւորն իրենց կոմֆորտն է ու վարկանիշը:
Օրինակ՝ Արթուր Վանեցյանը, որ մի քանի ամիս առաջ «քայլողների» պաշտելին էր, հրաժարականից հետո դարձել է բացարձակ անընդունելի: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ նախօրեի խայտառակ պարտությունը ուղղակիորեն ի ցույց է դնում այս իշխանությունների իրական դեմքը:
Հ.Գ.-Նյութը պատրաստ էր, երբ ՀՖՖ գործկոմի անդամների անունից Արեն Մանուկյանը ողջ պատասխանատվությունը բարդեց ֆեդերացիայի նախագահի վրա՝ նորից առիթն օգտագործելով հարձակվել նրա վրա: Անշուշտ, ցանկացած պարագայում ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, մեղավոր է նաեւ այն հարցում, որ գործկոմում ներգրավված են ֆուտբոլի հետ որեւէ աղերս չունեցող մարդիկ: Մեղավոր է նաեւ նրանում, որ բոլոր թելերը ձեռքից բաց է թողել: Այլ հարց է, որ Մանուկյանը ավտոմատ հաստատեց վերը նշված ամբողջ տեքստը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: