Տղամարդկությանս վրա կասկածող կա՞, ավանտյուրիստ, շանտաժ. ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է

Ընդմիջումից հետո Ազգային ժողովում քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը: 0 դեմ, 0 ձեռնպահ ու 67 կողմ ձայներով օրինագիծն ընդունվեց:
Քվեարկությունից հետո Ազգային ժողովում կրքերը ՛՛թեժացան՛՛: ՀՅԴ խմբակցությանքարտուղար Աղվան Վարդանյանը դիմելով ԱԺ նախագահին, փոխնախագահներին ու մեծամասությանն՝ ասաց. ՛՛Մենք խնդրում և պահանջում ենք հարգել ու պաշտպանել օրենքը՛՛: Նա նշեց, որ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկել են միմյանց փոխարեն, Արծվիկ Մինասյանը պահանջել է ցույց է տալ քվեարկության պատկերը, սակայն դա չեն անում: ՛՛Տղամարդկությունն այն չէ, որ օրենքը խախտենք, տղամարդկությունն այն է, որ ամեն մեկն իր գործն անի ու պատասխանատվություն կրի դրա համար՛՛:
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ասաց, որ դահլիճում 64 ՀՀԿ-ական պատգամավոր կա, և օրենքը չէր կարող ընդունվել, միմյանց փոխարեն են քվեարկել ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ից Սպարտակ Մելիքյանը ձայն խնդրեց ու նշեց, որ ինքը որևէ մեկի փոխարեն չի քվեարկել: ՛՛Եթե որոշ մարդիկ տեսողության խնդիր ունեն, կան հիվանդանոցներ, որտեղ կարող են գնալ ու ստուգվել, եթե որևէ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, տղամարդկություն ապահովելու առանձին տեղեր կան, կարող եք գալ, ես կապացուցեմ իմ տղամարդկությունը՛՛: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ՀՅԴ-ին կոչ արեց կանգնել Հանրապետականի շարքերում ու հաշվել պատգամավորների քանակը: ՛՛Չի կարելի նման տիպի ավանտյուրաներով, շանտաժներով հանդես գալ՛՛,-ասաց նա:
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակն ու անկախ պատգամավորները դեմ են եղել այս օրենքին, ապա քսան րոպե ընդմիջում վերցրեց: ՛՛Արդեն քաղաքական դաշտից դուրս եք եկել, տեխնիկական դաշտ եք մտել, ձեր անկարողությունը չի կարելի տարածել ԱԺ բնականոն աշխատանքի վրա՛՛,-նրան արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդմիջում չտալով:
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ իրեն այսքան նվաստացած չէր զգացել: ՛՛Չի կարելի այդպես վարվել, չէ՞, մեր իրավունքի մեջ է քսան րոպե ընդմիջում վերցնելը, ինչո՞ւ չեք տալիս՛՛,-հարցրեց նա:
ԱԺ նախագահը պատասխանեց, որ դա իր լիազորությունների մեջ է:
Վարման կարգով ձայն խնդրեց ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ու դիմելով ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ նետեց. ՛՛Ավանտուրիստն այն մարդն է, ով նման հայտարարություն է անում ու փորձում է վիրավորել մի ամբողջ կուսակցության՛՛: Նրա խոսափողն անջատեցին, իսկ Աղվան Վարդանյանն էլ հորդորեց անկապ արտահայտություններ չանել, Բաղդասարյանին էլ հորդորեց. ՛՛Ձեր հորդորները հաշվետարի ձեզ պահեք, մենք հազար տարի իրար հետ ճանապարհ ենք անցել,որևէ բառով չենք վիրավորել իրար՛՛:
Այս ամենից հետո ԲՀԿ խմբակցությունը լքեց դահլիճը, նրանց միացան մյուսները, իսկ ՀՀԿ-ականները դա ծափերով ողջունեցին: ԱԺ նախագահն էլ արձագանքելով ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի կոչիին՝ քսան րոպե ընդմիջում հայտարարել՝ ասաց, որ դա խաթարում է ԱԺ-ի բնականոն աշխատանքը, իսկ ընդդիմադիրները միայն ցանկանում են ժողովրդի համակրանքը շահել իրենց այլ քայլերով: