Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երեւանում մեկնարկել է “Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար” խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ:
Հայաստանի կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում:
“Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձեւավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր”,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը մեծապես կարեւորել է ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլեւ նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: “Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետեւ վարչապետը շրջել է ֆորումին մասնակից ընկերությունների տաղավարներով՝ ծանոթացել նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին: Ֆորումին ներկայացված 64 ընկերություններից 13-ն օտարերկրյա են: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում է նաեւ ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը, որը ՌԴ-ում մեծ համբավ ունի եւ համագործակցում է բոլոր խոշորագույն կազմակերպությունների հետ: Ֆորումի շրջանակներում կկայանա նաեւ երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական եւ հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու ոլորտի համագործակցությանը ու փորձի փոխանակմանը: