Այս Կառավարությունն էլ նույն ճակատագրին է արժանանալու

Ազգային ժողովի նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացել են գրություն, որով առաջարկվում է արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել ՛՛Բաժնետիրական ընկերությունների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Ապա Նպատակային սոցիալական վճարի փաթեթի վերաբերյալ ձայնը տրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: ՛՛Մենք էլ կարծում էինք՝ կուտակայինն են հանում, ուզում էինք ողջունել, ոգևորվեցինք՛՛,-կենտրոնական ամբիոնին մոտենալով՝ ասաց Ռուստամյանը:
Վերջինս նշեց, որ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ Կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս Կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: ՛՛Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների, համակարգերի հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչու է ութսուն տոկոսը միշտ դեմ: Ժողովուդրը հաշվում է իր եկամուտները, տեսնում է՝ դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ էշ մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես՛՛:
Ըստ Ռուստամյանի՝ իշխանություններին թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով այս խնդիրը լուծում են, բայց դա այդպես չէ, քանի որ պետական աշխատողների աշխատավարձերն էլ բավական չեն այս պայմաններում գոյատևելու համար: ՛՛Մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույսը լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս: Բայց առաջին քայլերը, այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել՛՛:
Ռուստամյանը հարցնում է՝ ինչու փոխվեց Կառավարությունը, եթե այս Կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում:
՛՛Մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դրան դեմ ենք լինելու, լավ չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Ասում եք՝ իրար հետ քննարկել ենք, ո՞ւմ էր պետք այդ շոուն, որ մենք պիտի գայինք, մեզ ասեին՝ սա է, ուզեք, չուզեք. չեմ էլ ասում, որ հասարակությունն ընդհանրապես տեղյակ չէ՛՛:
ՀՅԴ պատգամավորն ընդգծեց, որ նպատական սոցիալական վճարը վճար է ու այն վճարելու է ժողովուրդը: ՛՛Նպատակը նպաստը չէ, սուտ եք ասում, սա ներդրվում է՝ ֆինանսական խնդիր լուծելու համար, ի՞նչի ենք խաբում մեր ժողովրդին, սա սոցիալական հարցի հետ կապ չունի:
Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից չի քաղցրանալու, չի լուծված խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը չի պահպանված, սա է մեր ամբողջ քաղաքական դիքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե դուք այսպես եք սկսում, նոր Կառավարությունն այսպես է սկսում, նույն ճակատագրին է արժանանալու՛՛: