Վիտալի Բալասանյանի կոչը ուսանողներին
2018 թվականից Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքների մասին բազմիցս ենք ահազանգել: Այսօր Հայաստանում ընթացող ապազգային գործընթացները մշուշ են սփռել մեր հայրենիքի ապագայի վրա՝ խաթարելով ազգային արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցելու տեսլականը: Դրա վառ ապացույցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հակահայ կեցվածքը՝ դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը, բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, նույն նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը):
Նման գործելաոճի շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգը, ազգային մշակույթը և ընդհանրապես՝ հայ ազգի ապագան: Ակնհայտ է, որ այս ապազգային քաղաքականության դեմ հայ ազգը պետք է ընդվզեր, և հատկապես երիտասարդությունը, որի վկան ենք մենք այսօր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ իրենց բողոքը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ հայտարարելով անժամկետ նստացույց: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Վիտալի Բալասանյան
«Հանուն Արցախի» համազգային շարժում գրասենյակ