Եթե ես լինեմ ռեկտոր, ես շարունակելու եմ ուսման վարձերը բարձրացնել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյան
«Աշխատավարձերը հավերժական թեմա են՝ ոչ միայն Համալսարանում, այլ ընդհանրապես, և այդպես կլինի միշտ: Ինչ վերաբերում է Համալսարանին, ապա ես կասեի, որ շատ ցավոտ թեմա է: Այն աշխատավարձը, որը ստանում է այսօր մեր պրոֆեսորը, համարժեք չի իր որակավորմանը, համարժեք չի իր արած աշխատանքին: Բայց երբ որ խոսում ենք դրա մասին, պետք է նշենք, թե որտեղից պետք է առաջանա այդ աշխատավարձը: Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձից: Ուրիշ էական աղբյուր չկա»,- այսօր ԵՊՀ-ում դասախոսների աշխատավարձերի մասին խոսելիս ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Գևորգյանը փոխանցեց, որ այսօր դասախոսների աշխատավարձի համար օգտագործվում է ուսանողների վճարած վարձի 65-70 տոկոսը:
«Մի պահ ենթադրենք, որ մենք լույսի փող չենք տալիս, ջրի փող չենք տալիս, գազի փող չենք տալիս, նստարան չենք նորոգում, տարածքներ չենք նորոգում: Ոչինչ չենք անում: Ամբողջ փողը ոնց գալիս է, տալիս ենք աշխատավարձ: Գործուղում չենք գնում, ամբողջը տալիս ենք աշխատավարձերին: Արդյունքում՝ աշխատավարձը կավելանա 1.5 անգամ»,- ասաց Գևորգյանը, հետո ավելացրեց՝ այս ենթադրությունը, հնարավոր չէ, իրականություն դառնա:
Երևանի Պետական համալսարանի դասախոսների աշխատավարձերի բարձրացման այլ տարբերակ ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արդեն որոշել է: Բեռը դրվելու է ուսանողների վրա:
«Ելքը մնում է՝ ծառայությունների գինը բարձրացնել: Մեր հիմնական ծառայությունն էլ կրթական ծառայություն մատուցելն է: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, դա իրատեսական չէ: Ես գիտխորհրդի քննարկմանը կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը»,- այսօր հայտարարեց Գեղամ Գևորգյանը:
Ըստ նրա՝ ուսման վարձերը 15 տոկոսով բարձրացնելու դեպքում սեպտեմբերից դասախոսների աշխատավարձը կկարողանան բարձրացնել 10 տոկոսով: Բայց դա դեռ վերջը չէ: Գևորգյանը մտադրություն ունի չսահմանափակել ուսման վարձերի բարձրացումը՝ հասցնելով 15 տոկոսի:
«Եթե ես լինեմ ռեկտոր, ես շարունակելու եմ վարձերը բարձրացնել»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ աշխատավարձերը կբարձրացնի այնքան, մինչև դրանք հասնեն շոշափելի բարձր մակարդակի:
«Ես աշխատավարձերը կհամարեմ շոշափելի բարձրացած, եթե երիտասարդ, հեռանկարային մասնագետը դիմի Համալսարան՝ աշխատելու»,- ասաց Գևորգյանը: