Արթուր Բաղդասարյանը առաջիկայում կներկայացնի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/artur_baxd_1403100949.jpg)
Այսօր տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում եւս գործընթացը առաջ տանելու համար:
Քաղաքական խորհուրդը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցին՝ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում այն համարելով անընդունելի: Քաղխորհուրդը հավանություն է տվել ՕԵԿ կողմից սակագնի թանկացումը դատական կարգով վիճարկելու գործընթացը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում բարձրացնելու հարցին:
Քաղաքական խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել ՕԵԿ քաղաքական օրակարգի գերակայությունները սահմանող համապարփակ փաստաթուղթը, որը մատնանշում է Հայաստանի հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների եւ ժողովրդի առջեւ կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման բանալին:
Քաղխորհրդի որոշմամբ առաջիկա օրերին ՕԵԿ նախագահը կհրավիրի մամուլի ասուլիս, որտեղ կներկայացնի այդ գերակայությունները: