Բանակցային գործընթացում անորոշ, վտանգավոր վիճակ է. Տիգրան Աբրահամյան․ News.am
«Սահմանածգում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի հարցի բանկցային գործընթացի մասին NEWS.am -ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
-ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պաշտոնական հայտարարություններ տարածեցին Տավուշի և Արցախի ուղղությամբ հակառակորդի ակտիվության վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը:
-Այս հաղորդագրությունները սահմանագծին առկա իրադրության փոփոխությունների արձանագրման մասին էին: Առկա են սպասելի գործընթացներ հակառակորդի ակտիվացման վերաբերյալ:
Հակառակորդի գործողությունները ցույց են տալիս, որ ամեն գնով վնաս պատճառելու մտադրություն ունեն: Թե դա ինչ դրսևորումներ կունենա, ինչ ինտենսիվությամբ կլինի, կախված է կոնկրետ իրավիճակներից:
-Ձեր խոսքում Դուք նշեցիք «սպասելի գործընթացների» մասին, ինչո՞ւ եք դա սպասելի համարում:
-Հակառակորդի ակտիվությունը սպասելի է առաջին հերթին բանակցային գործընթացում առկա իրավիճակից, իսկ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարը դրանք բնորոշեց որպես արգելակված:
Երկրորդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը 10 օր առաջ անցկացրած խորհրդակցության ժամանակ խնդիր դրեց իր ենթականերին՝ «կոշտ միջոցներով» կանխելու մեր հատվածում իրականացվող ամրաշինական-ինժիներական աշխատանքները: Հասկանալի է, որ ամրաշինական աշխատանքների «կանխման» տողատակերում սահմանին ակտիվանալու հրաման էր:
-Արդյո՞ք քայլեր են իրականացվում Ադրբեջանի հնարավոր սադրանքները կանխելու ուղղությամբ:
-Բնականաբար, մենք էլ հակառակորդի գործողությունները կանխելու և անհրաժեշտ միջոցառումների իրականացման մեր պլաններն ունենք և ցանկացած պարագայում, հակազդման, պատժիչ գործողություններ կձեռնարկվեն:
-Կապ տեսնում ե՞ք Տավուշում և Արցախում հակառակորդի ակտիվացման հարցում:
Հակառակորդի գործողությունները Արցախում, Տավուշում, Վայոց ձորում կամ Սյունիքում մեկ ընդհանուր շղթայում են, իսկ հնարավոր ակտիվացումները այս կամ այն ճակատում զուտ մարտավարական բնույթի են:
-Հարց է առաջանում, այս պարագայում ինչպե՞ս կանխել հակառակորդի հետագա սադրանքները:
-Նախ համանախագահների աշխատանքը պետք է ակտիվացնել, կողմերի հետ աշխատանքն արդյունավետ հուն տանել:
Մի կողմից ունենք բանակցությունների արգելակում, մյուս կողմից, դեռևս տեսանելի չէ ակտիվ ջանքեր գործընթացը տեղից պոկելու ուղղությամբ: Սա վտանգավոր, անորոշ իրավիճակ է ստեղծում:
Զինված ուժերի հետ կապված, այսօր էլ բանակն իր խնդիրը գործառույթն արդյունավետ իրականացնում է, սակայն պետք է օգտագործել բոլոր լծակները՝ պայքարը դիվանագիտական հարթություն տեղափոխելու ու գործընթացի շարունակականություն ապահովելու համար: