Նրանք Հայաստանում ուղղակի տեղ չունեն. Փաստաբանը՝ տրանսգենդերների մասին
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր՝ Կուբայից Հայաստան են եկել ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգենդերներ։
«Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել:
Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը՝ ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում, նրանցից մեկն աշխատում էր հացի փռում»,- գրել էր նա:
Այսօրվա ասուլիսում անդրադառնալով այս խնդրին՝ փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց՝ մամուլում տարածվող մեկնաբանությունը, թե Հայաստանում այնպիսի հող է նախապատրաստված, որ արդեն դրսից նրանք կարող են ազատ գալ, չի համապատասխանում իրականությանը.
«Ես՝ որպես իրավաբան, այդ կարծիքի չեմ. մեր ներպետական օրենքները և Սահմանադրությունը՝ մասնավորապես, ուղղակի տալիս են համապատասխան օրենսդրական նորմերը, որով կան նաև համապատասխան իրավունք-պարտականությունների հետ կապված դրույթներ՝ նաև ՀՀ-ում գտնվող քաղաքացիների համար»:
Լ. Բաղդասարյանը տեղյակ չէ նրանց Հայաստան գալու պատճառների մասին, սակայն, ըստ նրա՝ իրավունքի տեսանկյունից կան լուրջ խնդիրներ, հարցեր կան նաև՝ կապված կեցության կանոնների հետ.
«Նրանք Հայաստանում ուղղակի տեղ չունեն. տեղ ունեն այնքանով, որքանով ազատ տեղաշարժի իրավունք ունեն, բայց այն պահից, որ պահից սկսվում է կոնկրետ քաղաքացու իրավունքի խախտումը, այդ պահից սկսած՝ նժարը պետք է թեքել դեպի ՀՀ այն քաղաքացին, որն ընդունելով ՀՀ ներպետական օրենքները, ՍԴ նորմերը՝ ապրում է այս երկրում»: