Սեպտեմբերի 30-ից հետո ԲՀԿ-ը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը
”Մենք գտնում ենք, որ էլեկտրաէներգիան չպիտի թանկանա”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա` եթե էլեկտրոցանցերում ճեղքված կա ինչ-ինչ պատճառներով, և սկագինը բարձրացնում են, ապա այդ ճեղքվածքը փակելու դեպքում էլ պետք է իջեցնեն: Սակայն, պատգամավորի խոսքով, դա չեն անի, և սակագնի բարձրացումն ընդամենը պետական բյուջեն արհեստական լցնելու միջոց է:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ իրենց խմբակցությունը հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ և վերջինիս ներկայացրած պատճառաբանությունները հիմնավոր չեն համարել, այլ` աբսուրդային:
”Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օգոստոսի մեկից չթանկանա”,-հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է քառյակի կողմից ներկայացված 12 կետերին ապա լրագրողները հետաքրքրվեցին,թե եթե մինչև սեպտեմբերի 30-ը իշխանությունները չկատարեն դրանք արդյոք ԲՀԿ-ին այլ մարտավարություն է մնալու, քան իշխանության հրաժարական պահանջելը, Զոհրաբյանն արձագանքեց.
”Սեպտեմբերի վերջին քառյակը կհրավիրի հանրահավաք ու կքննարկենք հետագա քայլերը` մասնակից դարձնելով ժողովդրին: Մեզ համար երբևէ որևէ տաբու չկա, որևէ հարցում կաշկանդված չենք լինելու, բայց քառյակը գնում է այն օրակարգով, որը կա: Մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի հաջողությամբ ու դա չպիտի թերագնահատել, իրադարձություններն արհեստականորեն առաջ չմղենք”: