23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սա հստակ ռազմական սպառնալիք է». Սամվել Նիկոյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է։

– Պարոն Նիկոյան, մեր երկրում վերջին ժամանակներում ամեն ինչ պտտվում է «Մարտի 1»-ի գործի շուրջ, որը հիմա կարծես դարձել է «Ռոբերտ Քոչարյանի գործ»։ Նույնիսկ լրատվամիջոցներն իրենց թողարկումներում հաճախ «Մարտի 1»-ի գործը լուսաբանելիս՝ այն համարում են «Քոչարյանի գործ»։ Դուք՝ որպես նախկինում «Մարտի 1»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

– 10 տարի իմ պահանջը եղել է մեկ բան՝ արեք այնպես, որ գոնե մի դեպք բացահայտենք, գոնե մեկ մահվան հանգամանք։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ կրկնում էր, որ քանի դեռ այս իշխանությունն է, որևէ դեպք չի բացահայտվելու: Այնքան էր ասում, որ ես սկսել էի դրան հավատալ ու նաև մտքումս  մտածել այդ մասին։

– Փաստորեն շարունակում են չբացահայտված մնալ 10 զոհերի սպանության հանգամանքները, թեև այդ իշխանությունները հեռացան։

– Ոչ միայն չի բացահայտվել, այլ այդ ուղղությամբ, կարծում եմ, բավարար ջանքեր չեն գործադրվել, և ամեն ինչ տեղափոխվեց Ռոբերտ Քոչարյանի և գեներալների դաշտ։

– Այս փուլում օրվա թոփ թեման կապվում է նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։ Երեկվա իր ծավալուն ասուլիսի ժամանակ Բալասանյանն ասաց, որ իր բոլոր կասկածները փարատված են, և այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանը, դա Լևոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է, որն էլ հիմա  ցանկանում են կյանքի կոչել։

– Այսօր յուրաքանչյուրը, ով չի ալարում, փորձում է մեկնաբանել, դասեր տալ, սպառնալ Վիտալի Բալասանյանին։ Այսօր Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ձևավորվել ապրիլյան պատերազմի դեպքերը քննելու համար, բայց ինչպե՞ս կարող են դասալիքները քննել այդ գեներալներին։ Դա աբսուրդ է։ Ես չեմ կարող մեկնաբանել Վիտալի Բալասանյանի խոսքերը, չէ՞ որ մենք մի մարդու հետ գործ ունենք, որն օդում զգաց  պատերազմի արհավիրքը ու գնաց կազմակերպեց, մասնակցեց ու հաղթեց։

– Իսկ Բալասանյանի մտահոգությունները կիսո՞ւմ եք. Նա ասում է, որ կասկածներ ունի, որ Փաշինյանն ու Ալիևն ունեն պայմանավորվածություն՝ Արցախը բանակցությունների սուբյեկտ չդարձնելու համար։ Դա է՞լ է հոտառությամբ զգում։

– Միգուցե նա այնպիսի տեղեկություններ ունի, որոնք ես չունեմ, միգուցե 30 տարի առաջվա հայ մարդու հոտառությամբ է նա այդ մտահոգությունն արտահայտում։ Աստված տա, Վիտալի Բալասանյանը սխալված լինի։

– Ի դեպ, գնահատականներ են հնչում, որ, եթե իշխանությունը պատերազմ անցած գեներալներին չքննադատեր, ԱՊՀ-ում Ալիևը չէր հանդգնի Գարեգին Նժդեհի հասցեին ասել այն, ինչ ասաց։

– Հետաքրքիր է՝ ինչպե՞ս  է ստացվում, որ և՛ մեր ոխերիմ հարևանը քննադատեց Հանրապետական կուսակցությանը, և՛ մեր հասարակության մի մասը։ Կապ չկա՞, ես այդ կապը տեսնում եմ։ 100 տարի առաջ Ալիևի թշնամին Գարեգին Նժդեհն էր և նրա գաղափարախոսությունը, 100 տարի հետո Ալիևի  թշնամին դարձյալ Նժդեհն է ու նրա գաղափարախոսությունը, որի կրողը Հանրապետական կուսակցությունն է։

– Ժիրայր Սէֆիլյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին՝ ասելով. «Բալասանյանները և իսագուլյանները, բացի ուղիղ ռևանշիստական նպատակներից, ունեն նաև ռևանշին անուղղակիորեն նպաստելու մի ստոր նպատակ՝ սադրել ազնիվ մարդկանց, լցնել նրանց համբերության բաժակը, և, եթե ոմանք չդիմանան ու քայլեր ձեռնարկեն, իրենց ներկայացնեն՝ որպես զոհ, և այդպիսով ավելի շահեկան կարգավիճակ ձեռք բերեն»։ Ի՞նչ է ակնարկում Սէֆիլյանը, երբ ասում է՝ «եթե չդիմանան ու քայլեր ձեռնարկեն»։

– Սա հստակ ռազմական սպառնալիք է. եթե մարդը զենքով  է մտածում, ո՞նց կարող է զենքի էջը փակված լինել։ Եթե զենքով ոստիկանին սպանելը արդարացնում են խելացնոր գաղափարներով, ապա նա այլ ձևով խնդիրներին չեն կարող մոտենալ։ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը նրանց ընդունեց, դա մեծ դժգոհություն առաջացրեց և Ազգային անվտանգության ծառայությունում, և ոստիկանությունում։

– Բակո Սահակյանը երեկ Երևանում էր, նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպել մի սենյակում, որտեղ դրված էր միայն Հայաստանի դրոշը։ Հնչում են քննադատություններ, որ Արցախի դրոշը չդնելը կամ արարողակարգի բացթողում էր, կամ մեսիջ Բակո Սահակյանին՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության համատեքստում։

– Ես ուզում եմ դա համարել արարողակարգային բացթողում, հակառակ դեպքում՝  մարդ կարող է խելագարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ