Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ:
Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Ձեր աշխատանքի անխոչընդոտ իրականացման համար համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից: Միևնույն ժամանակ, խոսքի ազատության իրավունքի իրացումը ենթադրում է նաև պատասխանատու լրագրություն: Լրատվական գործունեության տեսանկյունից այդպիսի պարտականություն է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքը՝ լրագրության հանրահայտ սկզբունքների պահպանմամբ: Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային, քանի որ դուք իրականացնում ենք հանրային կարևոր գործառույթ՝ նպաստելով ժողովրդավարության զարգացմանը»,-ասված է ուղերձում։