Գերհզոր արագությամբ ավելանում է դավաճան լակոտների գլխաքանակը. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինձ այլեւս շատ դժվար է որեւէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների եւ պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը:
Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկտի եւ IQ-ի տոտալ բացակայությունը եւ մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը:
Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ որոշել է, որ այլեւս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:
Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհ-ը ինքը կորոշի` ներառել հայոց լեզու եւ հայ պատմություն առարկաները թե՝ ոչ: Որովհետեւ, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձեւ չի: Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:
Ու պատկերացնում ե՞ք ինչ կլինի այն դեպքում, երբ բուհ-ի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է եւ որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։
Սա այլեւս ծիծաղելի չի եւ այս մոտեցման հետեւանքները արդեն իսկ հասկանալի եւ կանխատեսելի են:
Տեղյակ եմ, որ մտավորականների եւ գիտնականների այն հատվածը, որոնք իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դրել դարակում, արդեն իսկ դիմել են շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձեւ» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի եւ պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձեւությունը»: Առայժմ` այսքանը:
Այս նախագիծը պաշտպանող մանկուրտների բանակին եւ նրանց սպասարկող ֆեյսբուքյան ֆեյքերին հորդորում եմ անկանոն շարժումներ չանել եւ ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, մի շփոթեք այն ախոռի հետ: Դա միակ բանն է, որ մնացել է մեզ»: