Մաքսային ծառայության ղեկավարները` Հայաստանում
Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երեւանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաեւ Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով:
Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները եւ լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր: Մասնավորապես` որոշվել է հաստատել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից իրականացվող փորձաքննության միասնական ձեւը, սահմանել նորմատիվ-տեղեկատվական տվյալների փոխանակման տեխնիկական պայմանները: Հավանության է արժանացել ՄՄ տարածքում, որպես ապրանքի փաստացի դուրսբերումը հաստատող հիմնական միջոց, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգի կիրառման նախագիծը: Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդը դիտարկել է նաեւ մաքսային հսկողությունը հետբացթողումային փուլում առավել շեշտադրելու ուղղությամբ միասնական մոտեցումների ձեւավորման եւ խողովակաշարային ու էլեկտրահաղորդման ուղիներով ապրանքների տեղափոխման նկատմամբ հատուկ մաքսային հսկողություն սահմանելու հարցերը:
“Հսկողությունը հայտարարագրման փուլից հետբացթողումային փուլ տեղափոխելու նախաձեռնությունն առաջին հերթին բիզնեսի շահերից է բխում եւ նպաստելու է մաքսային գործընթացների իրականացման արագացմանը”,-նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը:
Խորհուրդը դիտարկել է մաքսային գործընթացների իրականացումն այն ապրանքախմբերի դեպքում, որոնց միջազգային փոստային առաքումը ՄՄ մաքսային օրենսգրքով արգելվում է: Քննարկվել են նաեւ փաստաթղթաշրջանառության կրճատման, ապրանքների դասակարգման ներդաշնակեցված համակարգի կայացման, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումների դեպքում ապրանքաշրջանառության իրականացման համար երաշխիքների ապահովման վերաբերյալ առաջարկները: Օրակարգում է եղել “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ ՄՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Բացի այդ, խորհրդի որոշմամբ շարունակվելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվել մաքսային եւ հարկային վճարումների կատարումը վկայող հավաստագրի կիրառման դեպքում:
Վլադիմիր Մալինինը նկատել է, որ ՄՄ եւ Հայաստանի միջեւ աշխատանքային ռեժիմով մշտական երկխոսություն է իրականացվում. “ՌԴ մաքսային ծառայությունն իր հերթին աջակցություն է ցուցաբերում Հայաստանին միությանն անդամակցելու ճանապարհին` ուղարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծանոթացնելով ՄՄ մաքսային օրենսգրքին”:
ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին