Անցյալի ամենավատ ավանդույթը, որից Փաշինյանը չի կարողանում հրաժարվել
Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո տեղափոխվեց պետական ամառանոց՝ նորովի կառուցելով իր կենցաղը։
Դատելով մամուլի վերջին հրապարակումներից և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից՝ վարչապետ Փաշինյանը վերջին մեկ և կես տարվա ընթացքում երկրորդ պետական նստավայրն է փոխում՝ տեղափոխվելով այն տունը, որտեղ մինչ այդ ապրում էր Սերժ Սարգսյանը։ Բացի այդ, դատելով նոր ինտերիերից, այն վերանորոգվել է և նոր կահույք է տեղադրվել։ Նորից ժողովրդի հաշվին։ Խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին։ Այդ կառավարական ամառանոցներում է բնակվում նաև Արարատ Միրզոյանը։
Ի դեպ, կառավարական ամառանոցներում սկզբունքորեն չեն ապրել Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը։ Չի բացառվում, որ շուտով բացի Փաշինյանից և Միրզոյանից, նրանց հարևանությամբ կսկսեն ապրել առավել ընդգծված մերձվարչապետական անձինք՝ հասարակությունից մեկուսացված նոր շրջանակ ստեղծելով։
Հենց այդ նեղ շրջանակում են քննարկվելու ու կայացվելու հետաքրքրասերների աչքից ու ականջից հեռու, իշխանության համար առավել նեղ ու կարևոր որոշումները։ Այդպիսի փակ տարածքներում համատեղ կեցությունն այլ էական նշանակություն էլ ունի՝ բարոյահոգեբանական։ Բացի ֆորմալ հարաբերություններից, ստեղծվում և ամրապնդվում են ոչ ֆորմալ, ընկերական, ընտանեկան հարաբերություններ։ Հատկապես՝ կանանց և երեխաների միջև։ Ստեղծվում է հատուկ, մեկուսացած փոքրիկ աշխարհ։ Առայժմ միակ բացառությունը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էր։ Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները չփրկեց անգամ կառավարական ամառանոցներում համատեղ կեցությունը։ 1999-ից Ազգային անվտանգության որևէ ղեկավար կառավարական ամառանոցներում չէր ապրել, վերջինը Սերժ Սարգսյանն էր։
Այսպիսով, կարծում եմ, հաշվի առնելով մեր կառավարության ժողովրդավարական և ժողովրդական բնույթը, նաև պետական միջոցներն ավելի ռացիոնալ և էֆեկտիվ օգտագործելու նպատակը, նաև ղեկավարների և նրանց ընտրած ժողովրդի խզումը թույլ չտալու համար՝ պետք է հրաժարվել կառավարական ամառանոցներից ու նստավայրերից, պետության կողմից տրվող շքեղություններից։ Իշխանավորների զուսպ և ասկետիկ կյանքը պետք է լիներ Նոր Հայաստանի ամենացուցադրական բրենդը։ Այդպես են առաջ գնում ու զարգանում հասարակությունները։
Առաջարկում եմ կամ վաճառքի հանել և այդ գումարներով, ասենք, արժանապատիվ փոխհատուցում տալ զոհված զինվորականների ընտանիքներին կամ կազմակերպել Թումոյի տիպի մեկ այլ ոչ պետական կրեատիվ կենտրոն։
Կունենանք․
-Բյուջեի միանվագ համալրում կառավարական ամառանոցների օտարման արդյունքում։
– Պոտենցիալ նոր ներդրումների հնարավորություն․ասենք, գնորդը մասնավոր անձ է և ձեռնարկում է հյուրանոցային կամ բնակելի համալիրի կառուցում։
– Նոր կրեատիվ կենտրոնի հնարավորություն, օրինակ, արաբական երկրներից
– Պետական տարեկան ծախսերի խնայում, որոնք դուրս են գրվում ամառանոցային տարածքի շահագործման և տնտեսվարման համար։
Պետությունը կարող է առաջին դեմքերի բնակության հարցը լուծել, ընդ որում՝ միայն վարչապետի և նախագահի, երկարաժամկետ-ժամանակավոր վարձակալության վերցնելով անշարժ գույքի շուկայից բնակարան, այնպես ինչպես դա արվում է այլ քաղաքներից եկած պատգամավորների դեպքում, այն էլ՝ եթե իրենք ցանկանում են։
Օրինակ՝ այսօր Արմեն Սարգսյանն ապրում է իր տանը, այնտեղ էլ ընդունում է իր որոշ հյուրերի, այդ պատճառով էլ իր համար բնակարան վարձակալելու իմաստ, ամենայն հավանականությամբ չկա։
Բացի այդ, կոմպակտ և էֆեկտիվ կառավարման կոնցեպտի իրականացման շրջանակներում կարելի է քննարկել Մաշտոցի պողոտայի Ընդունելությունների տան վաճառքի հարցը և լրացնել պետական գանձարանը և մայրաքաղաքում ստանալ նոր ներդրումների հնարավորություն։
Այս կոնտեքստում պետք է ուշադրություն դարձնել նաև Սևանի ափին գտնվող որոշ կառավարական շինությունների պետական սեփականության պահպանման հարցին։ Նաև, այսպես կոչված, ԿԲ ռեզերվային անշարժ գույքը Ծաղկաձորում և Դիլիջանում։ Որքան մեզ հայտնի է, կան նաև ՊՆ հաշվեկշռի վրա գտնվող ամառանոցներ Դիլիջանում։
Երկրի համընդհանուր մոդեռնիզացման, հասարակության առողջացման գործընթացի արագությունն ուղղակիորեն կախված է նշված արտոնություններից ու խորհրդային անցյալի ավանդույթներից հրաժարվելու արագությունից։
Հին մտածելակերպ՝ այն պետք է ավարտել
Որպես կանոն պետության գործող առաջին դեմքերի համար ստեղծվում են բոլոր հարմարությունները՝ նախ և առաջ աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ Անժելա Մերկելը մինչև հիմա ապրում է Բեռլինի իր ոչ մեծ բնակարանում։ Իրանի նախագահ Ահմադինեջադը իր պաշտոնավարման ժամանակ հայտնի էր իր ընդգծված համեստ կենսակերպով՝ հրաժարվելով բոլոր շքեղություններից։
Խորհրդային և հետխորհրդային համակարգում կուսակցական-կառավարական վերնախավի մեկուսացումը «հատուկ տարածքում» առաջացրեց ընտրյալների նոր կաստա՝ առաջնորդներ, որոնք աստիճանաբար կտրվում էին իրականությունից և հասարակությունը տանում դեպի վիրտուալ բարձունքներ ու արժեքներ՝ ունենալով ոչ ստանդարտ կենսակերպ։
Ընդ որում՝ բոլորն անհանգստանում էին սեփական անվտանգության համար, այդ պատճառով անում էին ամեն ինչ, որ իրենց կյանքի առանձնահատկությունները հասանելի չլինեն սովորական մարդկանց։
Քննադատությունից ապահովագրվելու համար ստեղծվում էր կոլեկտիվ կապվածություն։ Այսպես պետական վերնախավը կտրվում էր կյանքից, ինչն էլ բերում էր պետությունների փլուզմանը։ Հարաբերությունների այսպիսի առանձնահատկություններ չկան զարգացած ժողովրդավարական երկրներում։
Այդ երկրների հնարավորությունները մեր երկրի հետ համեմատել չի կարելի, բայց ինչպես տեսնում ենք ՝ավանդույթներն այլ են։
Ժամանակն է անել քայլը՝ հրաժարվել անցյալի վատ ավանդույթներից։ Հակառակ դեպքում՝ ամեն «լայվում» մերժելով անցյալը, նոր իշխանությունները չեն հրաժարվում անցյալի ամենավատ ավանդույթներից, եթե դրա վերաբերում է իրենց բարեկեցությանը։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ