23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քննչական մարմինները ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր․ Վիգեն Սարգսյան

Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, ըստ որի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Վիգեն Սարգսյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն:

Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները:

Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին:

Իմ գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել եմ, գործում են իմ էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը և բջջային հեռախոսահամարը, որոնք, կարծում եմ, հայտնի են նաև «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին:

Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում և ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով:

Շնորհակալ եմ ընկերներիս և հարազատներիս անհանգստության համար: Գործընթացի և’ ձևը, և’ բովանդակությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով: Ամբողջ ընթացքը և վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը:

Հ. Գ. Զինծառայողների, ինչպես նաև զինհաշմանդամների և զոհվածների ընտանիքների բնակարանավորման խնդիրները մշտապես եղել են իմ գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում, և մենք այդ ուղղությամբ իրականացրել ենք հանրությանը հայտնի քայլեր: Մի քանի ամսվա ընթացքում լուծվել է տարիներով հերթագրված 1-ին խմբի զինհաշմանդամների և զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը, ինչպես նաև ներդրվել է զինծառայողների գերմատչելի վարկավորման ծրագիր:

Պատիվ ունեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ