Դատական գործընթացները պետք է զերծ մնան անձնավորելուց. Լարիսա Ալավերդյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
«Երկու դրվագ կա, որոնց «Իմ քայլը» պետք է պատասխանի. մեկը գաղտնալսումների բուն էությունն է, երկրորդը՝ դատարանների դռները փակել-բացելու կոչը: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա այն շարունակվել է նույն հունով, իշխանությունները հետ գնալու տեղ չունեն, նրանք պետք է ապացուցեն բոլորին, որ այս ճանապարհը ճիշտ է, և այն գլխից մեղավոր է նշանակված բավականին ծանր մեղադրանքով՝ սահմանադրական կարգը տապալելը: Կթողնեն մեկ շաբաթով, թե չեն թողնի, ես դրա մեջ չմտնեմ, բայց գործընթացը հետևյալն է՝ Քոչարյանը պետք է պատժվի, և ոչինչ, որ դա քաղաքական ձևով է արտահայտված, բայց անձնավորված է, արդեն հստակորեն երևում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Դատական գործընթացները պետք է զերծ մնան անձնավորելուց, իսկ եթե անձնավորում են՝ օրենքն ուրիշ բան է ասում. պետք է նկատի ունենաս նրա անցյալը, դրական գործունեությունը: Ինձ համար ամենաանշնորհակալ դերը կլիներ Քոչարյանի դատապաշտպան կամ պաշտպան լինելը, ես մարդու իրավունքների պաշտպան եմ, չեմ մտնում նյութական գործի մեջ: Մեղավորությունը կամ անմեղությունը պետք է ապացուցվի հետո, իսկ այսօր խոսքը գնում է խափանման միջոցի մասին»,- հավելեց նա: