Իտալացիները միլիարդավոր եվրոներ կներդնեն Հյուսիսային Կովկասում
Իտալական “Rizzani de Eccher” ընկերությունը միլիարդավոր եվրոներ է ներդնում` Հյուսիսային Կովկասում հյուրանոցային եւ կոմերցիոն համալիրներ կառուցելու համար, գրում է “Ведомости” թերթը:
Այս նախագիծն իրականացնելու արձանագրությունը կստորագրվի ՌԴ եւ Իտալիայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մարիո Մոնտիի ներկայությամբ հուլիսի 23-ին:
“Rizzani de Eccher”-ի հիմնական սեփականատեր Կլաուդիո դե Էկերը Մոսկվայում արդեն ունի նմանատիպ նախագծեր, որոնք պատկանում են գործարար Ռոման Աբրամովիչի ձեռնարկություններին:
Առայժմ նախատեսված է ներդնել 16 մլրդ եվրո: Համեմատության կարգով հարկ է նշել, որ չինական ընկերությունները տարածաշրջանում հանգստավայր կառուցելու համար պատրաստ են ներդնել 3 մլրդ դոլար, կորեական ընկերությունները` մեկ մլրդ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել մոտ 102 հազար հյուրանոցային համարներ, ավելի քան հազար կմ լեռնադահուկային լանջեր: Նախագծի շրջանակներում նախատեսվում է բացել 330 հազար աշխատատեղ, իսկ շինարարական աշախատանքների համար նախատեսված գումարը ավելի քան 600 մլրդ ռուբլի կկազմի: