ԱԵԼ-ը կոչ է արել Բաշար ալ-Ասադին հրաժարական տալ
Արաբական երկրների լիգան կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել նախագահի պաշտոնը` “հանուն երկրի փրկության”: Նման որոշում է կայացվել Դոհայում կայացած ԱԵԼ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “AFP”-ը:
“Ընդունելով այդ համարձակ որոշումը` Բաշար ալ-Ասադը կարող է վերջ դնել ավերածություններին եւ սպանություններին”,-հայտնել է Քաթարի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ այդ տեսակետն աջակցում են ԱԵԼ-ի անդամ բոլոր երկրները, բացի մեկից: Թե որ երկիրն է ձեռնապահ մնացել` քվեարկելու ալ-Ասադի պաշտոնաթողման համար, նա չի հայտնել:
Բացի այդ, հանդիպման արդյունքում որոշվել է նաեւ կոչ անել սիրիական ապստամբներին եւ այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակին ձեւավորել ազգային միասնության անցումային կառավարություն: Որոշվել է նաեւ սիրիացի փախստականներին 100 մլն դոլարի չափով օգնություն հատկացնել:
Սիրիայի իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերն առայժմ անարդյունք են եղել: Չիրագործված մնաց ԱԵԼ-ի եւ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, որոնք պատժամիջոցներ են նախատեսում սիրիական իշխանությունների դեմ` բռնությունները շարունակելու դեպքում, արգելափակվեցին Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, որոնք ունեն վետոյի իրավունք: