23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչնչացնող ազատությունը

«Հեղափոխությունը մեզ ազատություն է տվել», «ով դեմ է այդ ազատությանը, նա ստրուկ է», «մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին, անազատության շրջան», «Նիկոլը մեզ ազատություն է տվել»։ Նմանատիպ տեսակետները կարելի է հաճախ լսել։

«Հեղափոխականները» սկսել են նշել Քաղաքացու օրը: Քաղաքացի հասկացությունն առաջացել է Ազատության հասկացության շնորհիվ, երբ մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը և իր նման քաղաքացիների հետ միասին ընտրում է իր իշխանությունը՝ իր ազատ կամքով։

Իսկ ի՞նչ է Ազատությունը։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակի, կրոնական պատկերացումների, ցիվիլիզացիաների, միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ։ Սակայն Ազատությունը կարելի է ինչ-որ կերպ սահմանել հետևյալ կերպ․

Ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն է որոշումներ կայացնում՝ իր կամքից ու իր դրդապատճառներից ելնելով։

Իսկ բուդդիստներն առհասարակ համարում են, որ այս նյութական աշխարհում մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է թեկուզ օդի ու սննդի պահանջմունքից՝ այսինքն արտաքին միջավայրից, և Ազատության միակ տարբերակը սեփական կյանքով «դուրս» գալ այս նյութական աշխարհից՝ ազատվելով ցանկացած նյութական ու հոգեբանական «կապանքներից», այսինքն գիտակցությունն ազատել արտաքին որևէ ազդեցությունից։

Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների՝ Ազատությունն Աստծո կամքը կատարելու մեջ է․ եթե կատարում եք, ապա ազատ եք, եթե ոչ, ապա ըստ սահմանման՝ չեք կարող լինել ազատ։

Հիմա, այս մաժորային ակորդից անցում կատարենք տխուր թեմայի․ իսկ արդյոք բոլո՞րն են պատրաստ Ազատությանը։

Պատկերացրեք, երկարատև սովից հետո մարդուն տալիս են մեծ քանակությամբ ուտելիք․ հետևանքները պարզ են, մարդը մահանում է, որովհետև սննդին պետք է կամաց-կամաց սովորել՝ փոքր չափաբաժիններով, մինչև օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ չափաբաժիններին։

Ազատությանը պետք է պատրաստ լինել։ Ազատությունը շատ անհատների ու ժողովուրդների է կործանել, երբ նրանք պատրաստ չեն եղել դրան, որովհետև Ազատությունը նշանակում է կարողանալ կատարել ընտրություն, իսկ ընտրության համար պետք հետևել որոշակի սկզբունքների, ունենալ աշխարհայացք, էթիկական նորմեր, փորձ, որոշակի ավանդույթներ, մտածելու ունակություն՝ թեկուզ թրեյնինգի մակարդակի, կարծիքի լիդերներ և ամենակարևորը՝ պատասխանատվություն։

Մեր թքող, ախտոտող ու քրֆող զանգվածն արդյոք պատրա՞ստ է Ազատության։ Արդյոք ունա՞կ են լսել կարծիքներ և կատարել ընտրություն։

Ազատությունն ինքնիրեն դեռ բարիք չէ, այն ընդամենը հնարավորություն է, և եթե դրան պատրաստ չես, այն կարող է վերածվել չարիքի՝ ամենաթողության օրգիայի։

Ստեփան Դանիելյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ