25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տնտեսական հեղափոխությունը մնաց սարերի հետևում. 168.am

Իշխանափոխությունից հետո վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված տնտեսական հեղափոխությունը մնաց սարերի հետևում։ Ի վերջո, կարծես կառավարությունում հասկացան, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելը խաղ ու պար չէ։ 

Հիմա կառավարությունում սկսել են ավելի քիչ խոսել այդ մասին։ Ու ոչ միայն տնտեսական հեղափոխության մասին. դադարել են նաև թռիչքային աճերի վերաբերյալ խոսակցությունները։

Պատճառն այն չէ, որ թռիչքային աճեր հնարավոր չեն, պարզապես Հայաստանի տնտեսության զարգացումներն այսօր շատ հեռու են այդպիսին լինելուց։ Դրանք մի բան էլ զիջել են դիրքերը։ Անցած տարի, երբ երկիրը գտնվում էր բուռն քաղաքական իրադարձությունների կիզակետում, և Նիկոլ Փաշինյանը գրոհում էր իշխանության բարձունքները` անտեսելով իր քայլերի տնտեսական հետևանքները, տնտեսական աճը Հայաստանում նույնիսկ ավելի բարձր էր, քան այս տարի է։

Արդեն հրապարակվել է տարվա առաջին կեսի տնտեսական աճի ցուցանիշը։ Պաշտոնական տվյալներով՝ այն կազմել է 6,8 տոկոս։ Աճի տեմպը զգալիորեն ցածր է նախորդ տարվանից։

2018թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ն Հայաստանում ավելացել էր 8,7 տոկոսով։ Ընդ որում, առաջին եռամսյակում աճն ընդհուպ մոտեցել էր երկնիշ ցուցանիշի` կազմելով 9,9 տոկոս։ Այն պակաս բարձր չէր նաև երկրորդում` 7,4 տոկոս։ Հետագայում, իհարկե, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չկարողացավ պահպանել այս տեմպը։ Տնտեսական աճն աստիճանաբար նահանջեց և արդեն տարեվերջին կազմեց հազիվ 5,2 տոկոս։

Երբ քաղաքական գործընթացներն արդեն հանդարտվել էին, թվում էր, թե իրավիճակը կփոխվի։ Բայց ինչպես վկայում են ցուցանիշները` Հայաստանի տնտեսության զարգացումները ոչ միայն թռիչքային չեն, այլև աճի տեմպը հեռու է նախորդ տարվանից։ Անցած տարվա 8,7 տոկոսի դիմաց՝ այս տարի այն եղել է 6,8 տոկոս։

Տնտեսության աճի տեմպը երկրորդ եռամսյակում նույնիսկ դանդաղել է։ Առաջինում այն հասնում էր 7,2 տոկոսի։ Մինչդեռ երկրորդում կազմել է 6,5 տոկոս։ Այսինքն` աճի տեմպը 0,7 կետով նահանջել է։

Թե ինչո՞ւ են զարգացումները դանդաղել, հատկապես անցած տարվա տնտեսական անբարենպաստ ժամանակահատվածի նկատմամբ, թող բարի լինի ասել կառավարությունը։ Փաստն այն է, որ վերջին մեկ-մեկ ու կես տարում տնտեսությունը հայտնվել է մի տեսակ իներտ վիճակում և չի կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Իսկ այն աճերը, որոնք արձանագրվում են, շատ դեպքերում քիչ կապ ունեն իրական տնտեսության հետ։

Տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտը եղել է առևտուրն ու ծառայությունները։ Տարվա առաջին կեսին արձանագրված 6,8 տոկոս աճից 5,4 տոկոսը առևտրի և ծառայությունների մասնաբաժինն է։

Թե ինչի՞ հաշվին են աճում առևտուրն ու ծառայությունները, հայտնի փաստ է։ Նշենք միայն, որ ծառայությունների ոլորտում գնալով մեծանում է շահումով խաղերի դերը։ Աճն այստեղ անցնում է 30 տոկոսից։

Փոխարենը՝ արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է ընդամենը՝ 0,9, իսկ շինարարությունը` 0,2 տոկոսով։ Տնտեսության հեռանկարային ճյուղ հայտարարված գյուղատնտեսության մասնակցությունը նույնիսկ բացասական է։

Ահա սա է Հայաստանի տնտեսության հավելաճի կառուցվածքը։ Դրանք դուրս են կառավարության հայտարարած հեղափոխական տրամաբանությունից։ Պատահական չէ, որ կառավարությունում ևս դադարել են հավատալ ոչ վաղ անցյալում իրենց հռչակած հեղափոխական զարգացումներին։

«Միգուցե ոչ գալիք երկու-երեք տարվա ընթացքում, բայց հետագայում երկնիշ տնտեսական աճն իրատեսական է»,- վերջերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է։ Ինչո՞ւ միայն երկնիշ, գուցե նաև ավելի՞ բարձր։ Բայց մի՞թե տնտեսության թռիչքային զարգացումների մասին խոսելիս վարչապետը նկատի ուներ այն, որ դա կլինի, ասենք` 5 կամ 10 տարի հետո, երբ հայտնի չէ, թե ուր կլինի այս կառավարությունը։ Այս տրամաբանության մեջ, անշուշտ, ամեն ինչ էլ կարելի է խոստանալ։ Ինչո՞ւ միայն երկնիշ տնտեսական աճ։

«Երկնիշ տնտեսական աճ ասելով՝ չպետք է զուտ համախառն ներքի աճ հասկանանք, այլ մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի քաղաքացիների բարեկեցությանը, սոցիալական ծառայությունների վրա»,- ասում է փոխվարչապետը։

Թե դա մինչև հիմա ինչպես է արտահայտվել այս կառավարության գործունեության ընթացքում, ակնհայտ է։ Ընդհանրապես ավելորդ է խոսել քաղաքացիների բարեկեցության բարձրացման մասին։

Ի՞նչ է արել կառավարությունն այսքան ժամանակ հասարակության եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ արել է, ապա դրա ազդեցությունը չափազանց փոքր է եղել։ Գնաճը Հայաստանում շատ ավելի ակտիվ է, քան մարդկանց եկամուտների ավելացումը։ Խոսքը պաշտոնապես արձանագրվող միջին գնաճի մասին չէ։

Ինչպես ժամանակին շատ ճիշտ նկատում էր Նիկոլ Փաշինյանը, այն, ինչ ցույց են տալիս վիճակագիրները, գնաճի իմիտացիա է։ Կարագը թանկանում է, միսը թանկանում է, հացը թանկանում է, շատ այլ առաջին անհրաժեշտության սննդամթերքներ թանկանում են, բայց ասենք` սոխը կամ սխտորն էժանանում է, և արդյունքում ունենում ենք ցածր գնաճ։ Իսկ թե դրա իրական ազդեցությունն ինչպիսին է հասարակության վրա, կարող են ասել սպառողները։ Կառավարությունը, այդ թվում` արդեն մեկ այլ դիրքից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը, այլևս գերադասում է չխոսել այդ մասին։

Այս պայմաններում անիմաստ են՝ ինչպես ներառական տնտեսական աճի, այնպես էլ՝ հասարակության բարեկացության բարձրացման վերաբերյալ խոսակցությունները։ Փաստը ցույց է տալիս, որ անցած մեկ ու կես տարին այդ առումով մեծ բան չի փոխել։ Նույն ջուրն է, նույն ջրաղացը։

Սոցիալական իրավիճակը Հայաստանում բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Չէր էլ կարող ցույց տալ, եթե հաշվի առնենք, որ դրա համար բավարար հիմքեր չեն ստեղծվել։ Տնտեսությունը թեև աճ է գրանցում, այնուհանդերձ, նախկինի նման այդ աճի ազդեցությունը հասարակությունը չի զգում։ Այդպես է, որովհետև գործ ունենք վիճակագրական աճերի հետ, որոնք իրականում քիչ կապ ունեն տնտեսության զարգացումների հետ։

Իրական աճի հեռանկարներն առաջիկայում ևս խիստ մշուշոտ են։ Դրա համար կառավարությունն առայժմ չի կարողանում բավարար հիմքեր ստեղծել։

Մի բան է՝ հայտարարել տնտեսական հեղափոխության ու թռիչքային աճերի մասին, այլ բան է՝ կարողանալ հասնել դրան։ Լավ կլիներ, որպեսզի նման բաներ ասելուց առաջ կառավարությունը մի փոքր ծանր ու թեթև աներ։ Թե չէ, մի տեսակ վատ սովորություն է դարձել` խոստանալ ու խոստումը չկատարել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ