Սկանդալի նախաշեմին. Մոսկվան դատի է տվել Հայաստանի ՊՆ-ին. Հայելի
Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար:
Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը. անցած շաբաթավերջին, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», – հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով․ – «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»:
«Հիմա մենք սև ցուցակում ենք», – ըստ «Ազատության»՝ ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: – «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», – հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել:
Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն անցած տարի փաստել էր՝ հենց Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյն եղել է ORSIS-ի հրացաններն արտադրող գործարանի գլխավոր տնօրենի տեղակալը: «2012-ին, երբ նրա հայրը՝ Դմիտրի Ռոգոզինը, սկսեց համակարգել ռուսական զենքի մատակարարումները, որդու պաշտոնավարման շուրջ սկանդալ էր բարձրացել, ինչից հետո հայր-Ռոգոզինը ստիպված էր եղել Ֆեյսբուքի իր էջում հայտարարել՝ «ընտանեկան խորհրդում ես ու որդիս դժվարին որոշում կայացրինք, ըստ որի նա պետք է հեռանա հարազատ ընկերությունից, որպեսզի հիմք չտա խոսելու շահերի բախման մասին»:
Ռոգոզինի երիտասարդ տղան իսկապես հեռացել էր, սակայն որոշ ժամանակ անց «անաղմուկ այդ տեղը ժառանգել էր Ռոգոզինի մեկ այլ ազգական՝ նրա զարմիկ Ռոմանը»՝ պնդել էին միջազգային հետաքննող լրագրողները:
Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ վերը նշված ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:
Ուշագրավ, եթե չասենք սկանդալային գործընթացներ են ծավալվում Հայաստանի ՊՆ-ի ու ռուսական կողմի միջև: Փաստորեն, Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով:
Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով և իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:
Ի դեպ, Հայաստանի ՊՆ-ից հաստատել են քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվությունը: «Ամբողջ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի քննչական մարմինների աշխատանքների ավարտին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը: «Գերատեսչությունից հայտարարել են, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Որից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես խնդրել են ՊՆ-ն մեր ներկայացուցչից: Արդյունքում մեզ հայտարարեցին, որ իբր մենք չենք ներկայացրել որոշ հանձնման-ընդունման ակտեր»,- պատմել է ORSIS-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցմանը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին էր:
Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը: Այս գործընթացները կարող են, ինչպես ասում են՝ «շատ ջուր տանել»…
Թամար Բագրատունի