24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տպավորություն է, թե Հայաստանում անընդհատ աշխատավարձ է բարձրանում․ 168․am

168.am-ը գրում է․ «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կառավարությունը լուրջ քայլեր է անում աշխատավարձերն ավելացնելու ուղղությամբ, վիճակագրական տվյալները չեն ենթարկվում այդ տրամաբանությանը։ Դրանք վկայում են, որ աշխատավարձի աճը Հայաստանում իշխանափոխությունից հետո նույնքան դանդաղ է տեղի ունենում, ինչքան իշխանափոխությունից առաջ էր։ Այս առումով էական բան չի փոխվել։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 5,6 տոկոսով։ Սա այն բնականոն աճն է, որը գրեթե ամեն տարի էլ լինում է։ Եթե դրանից հանում ենք 2,5 տոկոս գնաճը, ապա դժվար չէ պատկերացնել, թե տակն ինչ է մնում։ Ու դա դեռ հաշվի չառած, որ պարենային ապրանքների թանկացման տեմպը շատ ավելին է, իսկ գյուղմթերքներինը` նույնիսկ մի քանի անգամ գերազանցում է միջին աշխատավարձի աճը։

Այս պայմաններում աշխատավարձի 5-6, անգամ 10 տոկոս բարձրացումը ոչինչ էլ չի տալիս։ Եվ այնպես չէ, որ դրանով մարդիկ սկսում են ավելի լավ ապրել, քան նախկինում էին ապրում։ Լավագույն դեպքում այն թույլ է տալիս ինչ-որ չափով մեղմել գնաճի ուղղակի ազդեցությունը։

Թերևս սա է պատճառը, որ հասարակության հիմնական մասը չի զգում աշխատավարձի բարձրացման ազդեցությունը  կյանքի պայմանների բարելավման վրա։ Ու չի էլ զգա այնքան ժամանակ, քանի դեռ լայն սպառման ապրանքների գներն ավելի արագ են բարձրանում, քան աշխատավարձերը։ Այս առումով թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ չի փոխվել։ Չկան աշխատավարձերի խոստացված բարձրացումները, փոխարենը՝ գները շարունակում են նույն տեմպով աճել։

Այս տարվա առաջին կեսին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 176,8 հազար դրամ։ Հավանաբար պարգևատրումներով պայմանավորված` աճն ավելի բարձր է եղել պետական, քան՝ մասնավոր հատվածում։

Մասնավորում միջին աշխատավարձի ավելացումը նույնիսկ 4 տոկոսի չի ձգում։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսության մեջ իրավիճակն այնքան էլ լավ չէ։ Ու չնայած պաշտոնապես գրանցված 6,8 տոկոս տնտեսական աճին, դա միարժեք չի արտահայտվում աշխատավարձերի վրա։ Ստացվում է, որ տնտեսական աճի ազդեցությունը մարդկանց եկամուտների վրա շարունակում է ցածր լինել, չնայած կառավարության հայտարարած ներառական տնտեսական քաղաքականությանը։

Մինչ միջին աշխատավարձը Հայաստանում դանդաղ է ավելանում, իսկ մարդիկ գնաճի պատճառով իրական կյանքում գրեթե չեն զգում դրա ազդեցությունը, վարչապետի ֆեյսբուքյան գրառումներն այլ բան են փորձում համոզել։ Ահա դրանցից մեկը.

«Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև.

Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:

Գնդի հրամանատարի տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս:

Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:

Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:

Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:

Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:

Վերը բերված թվերն աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետև կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշերտ և բազմահաստիք կառույց է, և վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը»:

Առաջին հայացքից՝ իսկապես տպավորիչ թվեր են, հատկապես՝ գումարտակի, վաշտի և դասակի հրամանատարների դեպքում։ Բայց երբ փորձում ենք այդ թվերը վերածել իրական աշխատավարձերի, բազմաթիվ հարցեր են առաջանում։

Վարչապետի գրառումից ստացվում է, որ, ասենք` գնդի հրամանատարը կամ նրա տեղակալն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան գումարտակի, վաշտի կամ դասակի հրամանատարը։ Ընդ որում, տարբերությունը հսկայական է. գնդի հրամանատարը ստանում է 328,6 հազար, իսկ գումարտակինը` 708,3 հազար դրամ։ Կամ, ասենք` վաշտի հրամանատարը 205 հազարով ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան գնդի հրամանատարը։

Թե որքանո՞վ է նման բան հնարավոր, դժվար է ասել։ Ամեն դեպքում, տրամաբանական չէ, որ ենթական կարող է կրկնակի, նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ղեկավարը։

Մնում է ենթադրել, որ վարչապետն աշխատել է չափից ավելի մեծ հնչեղություն հաղորդել իր գրածին։ Արդյունքում` նման շիլա-շփոթ է ստացվել։

Ինչևէ, եթե զինծառայողների աշխատավարձն արդեն բարձրացել է, ապա ուսուցիչներինը հետո պիտի բարձրանա։ Վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ ոլորտի նախարարը հայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է, և հոկտեմբերից բարձրացում տեղի կունենա։

Հարց է առաջանում, եթե նախագիծը պատրաստ է, ապա ինչո՞ւ է հետաձգվում բարձրացումը։ Եվ հետո, ժամանակին կարծես խոսվում էր ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից ավելացնելու մասին։ Գուցե խնդիրը ֆինանսակա՞ն է, և բյուջեն չունի՞ հնարավորություններ` օր առաջ բարձրացնելու կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը։

Թեև խոսքը ոչ մեծ, ընդամենը 10 տոկոս ավելացման մասին է, որը դեռևս կյանքի չկոչած` կառավարությունը ժամանակ առ ժամանակ ներկայացում է՝ որպես լուրջ ձեռքբերում։ Նախկինում ուսուցիչները բազմիցս հայտնել են իրենց դժգոհությունը դրա վերաբերյալ։ Կրթության ոլորտում աշխատավարձերն առանց այն էլ շատ ցածր են և դրանց 10 տոկոսանոց բարձրացումն էական բան չի փոխում։

Հիմա էլ նախարարն ինչ-որ բանաձևի մասին է խոսում, ըստ որի՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը պակաս չի լինի 108 հազարից։ Եթե դա պիտի արվի ուսուցիչների թվի կրճատման հաշվին, ապա հազիվ թե կարող է ողջունվել համակարգի աշխատողների կողմից։

Ինչպես հայտնի է, առաջիկայում կառավարությունը նախատեսում է 10 հազար ուսուցչի կրճատում։ Նրանց հաշվին մյուսների աշխատավարձի ավելացումը գուցե իրատեսական է։ Այլ հարց է, թե դա ինչպիսի սոցիալական հետևանքներ կունենա, այդ թվում` գործազրկության վրա։ Փաստն այն է, որ կառավարությունը պատրաստ չէ աշխատանքը կորցնող քաղաքացիներին այլընտրանք առաջարկել։

Աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի առկայության վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ են։ Դրանք գուցե կան, բայց անհամեմատելիորեն քիչ են, քան աշխատանքի խնդիր ունեցողներն են։ Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, որ հասարակությունը ծույլ է ու չի ուզում աշխատել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ