Նախաքննության արտահոսքը հրահանգավորված է եղել իշխանության կողմից
Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք։
Իմ կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո, ինչպես և սպասվում էր, Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։
Նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստն այլևս անվիճելի է։
Երեկ հայկական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է նախաքննական գաղտնիք հանդիսացող գեներալ մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննության ամբողջ տեքստը, իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ՀՔԾ-ից արտահոսքի մասին հանրությանը իրազեկել էր դեռևս մայիսի 9-ին։
Դատախազության և ՀՔԾ գործողությունների տրամաբանությունն ու շարժառիթներն ինձ ամբողջությամբ պարզ են։
Վստահ եմ, որ նշված կառույցներում աշխատում են առավելապես պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց իրավաբաններ, որոնք չէին կարող անգործություն ցուցաբերել իրենց հեղինակությանն ու վարկանիշին մեծ հարված հասցնող խնդրի առնչությամբ։
Հետևաբար, ինձ ոչինչ չի մնում անել, քան ենթադրել, որ նախաքննության այս ծավալի արտահոսքը կրել է կազմակերպված և կոնկրետ թիրախային բնույթ, որը հրահանգավորված է եղել ՀՀ բարձրագույն իշխանության կողմից և իրագործվել է ՀՔԾ ղեկավարությանը կողմից՝ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի լուռ համաձայնությամբ։
Այստեղ մենք արդեն գործ ունենք ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածի՝ պետական դավաճանության հետ, ինչը պետք է դառնա ապագա իշխանությունների կողմից պարտադիր քննության ենթակա։
Ուստի, պետք է արձանագրել, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստը չընդունելու և քրեական գործ չհարուցելու որոշումը կրում է բացառապես քաղաքական բնույթ, հետևաբար հետագա գործընթացների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է առաջին հերթին ՀՀ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ապա նաև ՀՔԾ ղեկավարի, քննչական խմբի ղեկավարի և անդամների, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի վրա։
Ռուբեն Մելիքյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդման մերժում ստանալուց հետո կհայտարարվի հետագա գործողությունների մասին»։