23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների փոշիացման համար. 168 Ժամ

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին Հայաստան էին տեղափոխվել արտասահմանյան ավիաընկերության միջոցով։

168.am-ի հարցին ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ արտասահմանյան փոխադրողին այլընտրանք չկա, քանի որ «տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»։

Մեզ հետ զրույցում, սակայն, հայկական երկու՝ «Արմենիա» և «Տարոն-Ավիա» ավիաընկերությունների ներկայացուցիչները նշել էին, որ որևէ խնդիր չկա, պարզապես Կոմիտեում որոշել էին թռիչքն իրականացնել արտասահմանյան փոխադրողի միջոցով։

Կառավարության հաղորդագրությունից տեղեկացանք, որ խնդրի լուծման համար պետբյուջեից հատկացվել է 47 միլիոն դրամից ավելի գումար, այնինչ մեր տեղեկություններով՝ տեղական ավիափոխադրողները շուրջ 3 անգամ պակաս գումարով կիրականացնեին վերոնշյալ թռիչքը։

Ինչևէ, կարծես թե 168.am-ի հրապարակումը զգաստացրել է հայրենի Կառավարությանն ու Քաղավիացիայի պետական կոմիտեին, որովհետև երեկ՝ ուշ երեկոյան, տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, Հուրգադա-Երևան երկրորդ թռիչքը կիրականացնի «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը։

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Տարոն–Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

«Մեր տնօրենն ինձ ասաց, որ Կառավարությունից դիմել են իրեն ու առաջարկել են իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը։ Թե կոնկրետ ո՞վ է դիմել, տեղյակ չեմ։ Մենք ամեն ինչ կազմակերպում ենք այդ չվերթը բարձր մակարդակով իրականացնելու համար՝ տարբեր երկրներից՝ Կիպրոսից, Հունաստանից և Թուրքիայից, նրանց տարածքով թռչելու թույլտվություն ստանալուց սկսած՝ մինչև Հուրգադայի օդանավակայանի սպասարկման հետ կապված գործողությունները»,- ասաց Լևոն Քարամյանը։

Վերջինս ևս մեկ ամգամ շեշտեց, որ այդ չվերթն իր կարգավիճակով հատուկ չվերթ է և իրականացվում է Եգիպտոսի տարածքում գտնվող մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար, ու ոչ մի վաճառքի համակարգ կամ «սիստեմա», ինչպես իրենք են ասում, անհրաժեշտ չէ, քանի որ դա նոր չվերթ չէ, ու այդ չվերթը լցնելու խնդիր չկա։

Խոսելով գնային առաջարկի մասին ու մեր այն դիտարկմանը, թե փաստորեն պետբյուջեից տրամադրվելիք 47 միլիոն դրամից, որը պետք է երկու թռիչք սպասարկեր, զգալի մասը հետ կվերադարձվի պետական բյուջե, քանի որ իրենց գնային առաջարկն անհամեմատ ավելի էժան է, Լևոն Քարամյանն ասաց.

«Այո, որքանով ես եմ տեղյակ, Հայաստանում լիցքավորելու են օդանավի մեկնման և հետադարձի վառելիքը։ Մենք իրականացնելու ենք այնտեղի բոլոր ծախսերը, նաև 3 տոննա նավթ ենք վերալիցքավորելու, որպեսզի պահուստային վառելիք ունենանք հետադարձի համար։ Իրականացնելու ենք նաև օդանավակայանի ծախսերը։ Սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ հանրագումարով՝ այդ գինը շատ ավելի մատչելի է, քան նախկին առաջարկը»։

Լևոն Քարամյանը նշեց նաև, որ թռիչքը պետք է իրականացվեր Գյումրիից, սակայն դա դեռ վերջնականապես հաստատված չէ։

««Արմենիա» ավիաընկերությունն է դիմել մեզ, որ մենք իր փոխարեն չվերթեր իրականացնենք Վորոնեժ, Մինվոդի, Բաղդադ, քանի որ իրենք օդանավի հետ որոշակի խնդիր ունեն, և այդ պատճառով հնարավոր է, որ մեր օդանավը գա Երևան, այդ թռիչքներն իրականացնի ու նոր Երևանից թռչի Հուրգադա»,-ասաց «Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

Նա հավելեց նաև, որ իրենք այսօր դիմել են Քաղավիացիայի պետական կոմիտեին։ Հաշվի առնելով այդ չվերթի հատուկ կարգավիճակն ու հրատապությունը, նկատի ունենալով, որ Կիպրոսից, Հունաստանից ու Թուրքիային թույլտվություն ստանալը՝ իրենց երկրների օդային տարածքով թռչելու համար, բավականին ժամանակատար է ու բարդ գործընթաց է, խնդրել ենք, որ Կոմիտեն՝ CDA-ի միջոցով, օգտագործելով իր դիվանագիտական կապուղիները՝ ստանան այդ թույլտվությունները և այդ կերպ իրենց աջակցեն։

«Գործընթացը սկսվել է, հարցումներն ուղարկվել են, ու սպասում ենք այդ թույլտվություններին»,- եզրափակեց Լևոն Քարամյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ թռիչքը կկազմակերպվի ամենաբարձր մակարդակով, ու մեր քաղաքացիները պատշաճ մակարդակով կվերադառնան հայրենիք։

Ահա այսպիսի շրջադարձ։  Փաստորեն, ոչ մի խոչընդոտ էլ չկար. Եգիպտոսից մեր քաղաքացիներին տարհանող երկրորդ չվերթը կիրականացնի տեղական ավիափոխադրողը։ Եվ ուրեմն, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր ստում Տաթևիկ Ռևազյանը, և ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների՝ ըստ էության, փոշիացման համար։

Ումի՞ց պետք է ստանանք այն հարցի պատասխանը, թե եթե, ի վերջո, հնարավոր էր այդ թռիչքն իրականացնել տեղական ավիափոխադրողի միջոցով, ինչո՞ւ այն վստահվեց արտասահմանյան ավիաընկերության, և ո՞վ պետք է վատնված գումարները վերադարձնի պետական բյուջե: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ