Հոգաբարձուների նիստ էր հրավիրվել /ֆոտո/
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները նախ շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին եւ ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին:
Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը: Նա “Հայաստան” համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար: Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին:
Նիստի օրակարգը հաստատելուց եւ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին: Այնուհետեւ նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի եւ “Գրանթ Թորնթոն” աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը:
Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել եւ ընդունվել է նաեւ “Հայաստան” համահայկական հիմնադրամի “Մարաթոն-2014”-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: