Վերահսկիչ պալատը ոչ մի քաղաքական գնահատական չի տալիս
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՎՊ-ի եզրակացությունից հետո դիմելով ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին ասաց, որ ՎՊ եզրակացությունից տպավորություն է ստեղծվում, որ երկրի զարգացումն ու բյուջեն միմյանց հետ կապ չունեն, և արվել է տեխնիկական աշխատանք` պետբյուջեն կատարվել է, թե ոչ: ”Որքա՞նով եք նպատակահարմար գտնում ընդլայնել եզրակացության բովանդակությունը առ այն, որ որպես անկախ աուդիտորական կառույց, ՎՊ-ն նաև արդյունավետության չափանիշներ տա՛՛,-հարցրեց նա:
Մինասյանը հարցրեց նաև, թե որքանով է տնտեսապես հիմնավորված Ռուսաստանից ներգրավված վարկը: ՛՛Ի վերջո ՎՊ-ն ինչպե՞ս է գնահատում բյուջեի կատարումը որպես երկրի զարգացմանն ուղղված հիմնական ծրագիր` բավարար՞, թե՞ անբավարար՛՛:
Սեյրան Ավագյանը պատասխանեց, որ եզրակացության խորության հետ կապված, իհարկե, լավից լավը կա, և աշխարհի որևէ երկրի ՎՊ-ը դեռևս չի կարողացել բյուջեն ծածկել իր գնահատականներով, որովհետև դա շատ ծանր գործ է, նաև կան օրենսդրական խնդիրներ: Ինչ վերաբերում է ծրագրային բյուջետավորմանը ՎՊ խորհրդի անդամը նշեց, որ իրենց վրա կոնկրետ խնդիր է դրված, թե ՎՊ-ն ինչի վրա պետք է կենտրոնանա: ՛՛Մենք մասնագիտական մարմին ենք, եթե բաժակը կիսով է լցված, ապա մենք արձանագրում ենք, որ հենց այդքան է լցված: Մեր խնդիրն է օբյեկտիվ պատեր կառուցել, որի հիման վրա քաղաքական ուժերը կտան իրենց քաղաքական գնահատակները, մենք զուսպ ենք, և քաղաքական գնահատական տալը մեր գործառույթը չէ՛՛,- ասաց Սեյրան Ավագյանը: Նա նշեց, որ բյուջեի կատարման մասով ՎՊ վրա դրված է երկու խնդիր` արտացոված մեծությունների արժանահավատության խնդիր և բյուջեի մասին օերքնի ձևակերպված խնդիրներ, որոնք և իրականացրել է ՎՊ-ը: