23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալավերդցի մտավորականները՝ Սուքիասյան ընտանիքին պատկանող բանկի դեմ

Հուլիսի 15-ին, Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի առաջ՝ «Սուքիասյաններ, հանգիստ թողեք  ալավերդցիներին» և ««Հայէկոնոմբանկ», ձեռքդ հեռու տար պատկերասրահից» կոչերով, հայտնում է Hetq.am-ը։

Բողոքի ակցիայի առիթ էր դարձել նաեւ այն, որ նախօրեին ազգային պատկերասրահի տնօրեն  Արման  Ծատուրյանը  իր ենթականերին հրահանգել էր Ալավերդու պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ: 

«Տնօրեն Արման Ծատուրյանի առաքելությունը գեղանկարչությունը մեր ժողովրդին մատուցելն է, ոչ թե վերացնելը»,- ասել է Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը:

Նրա խոսքով՝ Ալավերդու պատկերասրահը ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից լավագույնն է եւ այն փակելն անթույլատրելի է․ «Եթե այս վիճակում հանձնարարվում է մեր պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ, էլ պատկերասրահը փակելը ոնց է լինում»: 

Նկարիչ Զավեն Օհանյանն էլ նշել է, որ եթե Սուքիասյանիններին հաջողվի  զավթել պատկերասրահի շենքը, մի օր էլ  մեկ ուրիշ բանկիր աչքը  գցելու է Ալավերդու մշակույթի կենտրոնի և մյուս  մշակութային շենքերի վրա:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե իրենց բողոքին Կառավարությունը չարձագանքի, ալավերդցիներով  կփակեն  «Հայէկոնոմբանկի» մուտքը և կխոչընդոտեն բանկի աշխատանքը: 

Ըստ աղբյուրի՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդու պատկերասրահի շենքը յուրացնելու համար: Դրա պատճառն ընդամենն այն է, որ շենքի դիրքը ի սկզբանե դուր է եկել «Հայէկոնոմբանկի»  սեփականատերերին՝  Սուքիասյանների ընտանիքն:   Շենքը գտնվում է  Ալավերդու կենտրոնական՝ Թումանյան փողոցում: Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի նախկին Կախոյան 7, ներկայում Թումանյան 44 հասցեում գտնվող շենքը, որպես  պատկերասրահ այսօր էլ համայնքի սեփականությունն է:

Սուքիասյաններին հաջողվել է շրջանցել Կառավարության որոշումը և Ալավերդու Քաղառի վարկային պարտքի դիմաց , շինծու փաստաթղթերով  զավթել պատկերասրահի ամբողջ տարածքը:  «Հետքի» հրապարակումից հետո  Ոստիկանության Լոռու մարզային  վարչության Թումանյանի բաժնում 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին  քրօրենսգրքի  325 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործը: Արդեն  8 ամիս է քրեական գործը գտնվում Թումանյանի  քննչական մարմնում, սակայն Սուքիասյաններին հաջողվել է ձգձգել գործի վարույթը: Մյուս կողմից նրանք պատկերասրահի շենքը վերջնականապես յուրացնելու համար ազգային  պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի միջոցով փորձում են ընդհանրապես փակել  Ալավերդու պատկերասրահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ