23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

««Հեղափոխությունը չի ապահովագրել Հայաստանին հնարավոր սպառնալիքներից, այլ՝ ընդհակառակը, ավելի խոցելի է դարձրել». Արմեն Աշոտյան

«Շատ ավելի տարակուսելի էին մեր պատվիրակության գնահատականները հռչակագրում տեղ գտած այն զարհուրելի ձևակերպմանը, որի դեմ մեր օրոք մենք մշտապես պայքարել ենք ու բացառել։ Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնացվում է հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների հետ։ Ըստ այդ ձևակերպման, որն այնուհանդերձ տեղ գտավ եզրափակիչ փաստաթղթում, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա մի շարքի մեջ են դիտվում՝ իրենց կոնֆլիկտներով հանդերձ, ինչը շատ վտանգավոր նախադեպ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այսօր ԵԽԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակության ճեպազրույցի ժամանակ հնչած մտքերին։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ խորհրդարանական դիվանագիտության համար պատասխանատու ղեկավարությունը պետք է ջանքեր գործադրի և դասեր քաղի, որովհետև երկու կարևոր բան պետք է հասկանա։

«Հեղափոխությունը չի ապահովագրել Հայաստանին հնարավոր սպառնալիքներից, այլ՝ ընդհակառակը, ավելի խոցելի է դարձրել։ Բացի դրանից, Ադրբեջանը, անկախ երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների շարքից ու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի՝ միմյանց նկատմամբ ռևերանսներից, շարունակելու է իր հակահայկական քաղաքականությունն ամենուրեք, ուր կարողանա դա անել, ու ամեն անգամ, ժողովրդական լեզվով ասած, հենց ատամը բռնեց, կծելու է մեզ»,- զգուշացրեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա խորհուրդ տվեց զգոն լինել, մեծամտությունը թողնել մի կողմ և իրականում նաև դասեր քաղել Լյուքսեմբուրգյան արկածներից, որոնք առաջին դեղին քարտը, լուրջ ահազանգն են մեր իշխանություններին խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանից 168.am-ը հետաքրքրվել էր, թե  ինչո՞ւ են թույլ տվել, որ նման կետ ներառվի հռչակագրում: Նա պատասխանեց, որ այդ կետը չի վերաբերում Ղարաբաղյան հակամարտությանը, այլ, ի թիվս, մի շարք երկրների տարածքային ամբողջականության մասին է և հիշատակում է նաև Ադրբեջանը, սակայն այդ կետը չեզոքացնում է կետ 21-ը՝ մի ամբողջ պարագրաֆ, որը նշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում ակտիվացնել երկխոսությունը Մինսկի խմբի շրջանակներում, կոնկրետ և շոշափելի միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությունը Հելսինկյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ զերծ մնալով ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, հարգելով տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը:

«Այս ձևակերպումից հետո հաջորդ պարագրաֆը, որտեղ չի խոսվում կոնֆլիկտի մասին, ըստ էության չեզոքացված և անիմաստ է դառնում ընդհանրապես»,- ասաց Հ.Կոնջորյանը: 168.am-ի դիտարկմանը, որ շեշտվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, պատվիրակության ղեկավարը նշեց, որ մեզ համար այս հարցը հետաքրքիր է ԼՂ հակամարտության կոնտեքստում, իսկ 22 կետից անմիջապես առաջ՝ 21 կետում, խոսվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին: Նա օրինակ բերեց, որ 2015թ.-ի ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան հռչակագրում նշվել էր կետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և չէր նշվել ընդհանրապես ազգերի ինքնորոշման մասին ԼՂ հակամարտության կոնտեքստում, այսինքն՝ դա ևս ունեցել է նախադեպ, նաև ՆԱՏՕ-ի տարբեր փաստաթղթերում է տեղ գտել: «Վերջին 6 տարվա կտրվածքով առաջին անգամ է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հռչակագրում ԼՂ կոնտեքստում նշվում է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սա շատ կարևոր է, այսինքն՝ այս իմաստով մենք արդեն չեզոքացրել ենք հաջորդ կետը»,- ասաց Հ.Կոնջորյանը:

Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան՝ նշում է, որ անգամ իշխանափոխությունից հետո իր ղեկավարած խորհրդարանական պատվիրակություններով՝ Եվրամիություն-Հայաստան և Արևելյան գործընկերություն, համապատասխանաբար՝ անցած տարվա հունիսին և նոյեմբերին ընդունված փաստաթղթերում հստակ արձանագրված է այն ամենը, ինչով այսօր հպարտանում են այսօրվա իշխանությունները։

«Հղում կա և 2009թ. ԵԱՀԿ համանախագահների հիմնարար սկզբունքներին, և այդ փաստաթղթերում թվարկում կա, թե անգամ իշխանափոխությունից հետո, երբ մենք դեռ շարունակում էինք վարել խորհրդարանական դիվանագիտությունը, քանի պլենար նիստերում է այդ ամենը ամրագրվել»,- ասաց Ա. Աշոտյանը։

Այսպես, 2018թ. Ստրասբուրգ  ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստի եզրափակիչ հայտարարության ու  առաջարկությունների մեջ կարդում ենք, որ «30. Խորհրդարանական գործընկերության կոմիտեն «Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների հավասար իրավունքներն և ինքնորոշման իրավունքը, և իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում, և որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձևաչափերի կարևորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության և կայունության համար,

31. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ և հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին և վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար՝ ներառյալ ապառազմականացման և զինաթափման միջոցառումները: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, և որին աջակցում է Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը»։

Նույն բովանդակությունն ունի նաև  Եվրանեսթի՝ 2018թ. հունիսին կայացած նիստի եզրափակիչ փաստաթուղթը։

Նշենք, որ վերը բերված երկու մեջբերումներն այն փաստաթղթերից են, որոնք կազմվել են անցած տարի իշխանափոխությունից հետո, բայց դեռևս ՀՀԿ-ականների ղեկավարած խորհրդարանական դիվանագիտության հարթակներում, սակայն այն ժամանակ ըննդիմություն և ներկայիս իշխանություններն այդ մասին չէին աղմկում։

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ