Արծվիկ Մինասյանը և մնացած բոլորը ինձ շատ են սիրում. Աշոտյան
”Այս քննարկումը քանի՞ օր է տևում արդեն, երեք օր է` Ազգային ժողովում քննարկվում է կուտակայինի նոր փաթեթը, օրենքը կմտնի ուժի մեջ, կլինեն նոր մոտեցումներ, ի՞նչ եք ուզում մեզնից, դուք եք այստեղ ամբողջ օրը, դուք պետք է ասեք: Այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացման, ապա մտնելու է ուժի մեջ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանում են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե բուհ-երում պարտադիր կերպով պահումներ են արվում:
Նախարարը պարզաբանեց, որ իր ղեկավարած նախարարությունը գլխադասային չէ և իրականացնում է գլխադասային նախարարության կողմից ներկայացված, Կառավարության կողմից հաստատված քաղաքականություն: ՀՊՃՀ-ում արվող պահումների մասին, նա նշեց, որ համալսարանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: ”Ներբուհական խնդիր է և հետո բուհի հայտարարությունը շատ սպառիչ էր: Ու ես ուրախ եմ, որ խմբակցությունները անմիջական կապի մեջ են, պատրաստ են ցանկացած նամակ ընթերցել”,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Արամ Մանուկյանը ներկայացրին ՀՊՃՀ խոսնակ Վերոնիկա Խորասանյանի նամակաը, որտեղ խոսվումէ հենց այդ պահումներին մասին, իսկ Մինասյանը դիմելով Աշոտյանին` հորդորեց պահումներ չանել: ”Եվ Արծվիկ Մինասյանը և մնացած բոլորը ինձ շատ են սիրում: Մի մասն արտահայտվում է, որ ինձ սիրում է, մի մասը չի արտահայտվում: Զարմանալի է ուղղակի, ինչքան մեծ մագնիտիզմ ու ձգողականություն ես ունեմ, որ թեպետ այս քաղաքականության մշակումն ինձ հետ կապ չունի, բայց այն վերագրում են ինձ: Շատ շնորհակալ եմ նման ուշադրության համար”,-այս հորդորին այսպես արձագանքեց Աշոտյանը:
Հարցին, թե արդյոք նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակցել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, կհեռացվեն կրթօջախներից որտեղ աշխատում են, նախարարը պատասխանեց. ”Վերոնիկան չի ազատվել իր ”ըմբոստ” կեցվածքի համար: Իրեն առաջարկվել է այլ աշխատանք: Ես չեմ մեկնաբանում ոչ կոմպետենտ հարցեր: Բացառում եմ ու չեն եղել ճնշումներ իմ իմացությամբ: Եթե որևէ մեկը դեմ է կուտակայինին, բայց զուգահեռ ինչ-որ այլ խնդիրներում իրեն փորձում է ոչ ճիշտ դրսևորել, ապա կուտակայինին դեմ լինելը ինձ… եթե մի վարորդ հետիոտնին վրաերթի ենթարկի, բայց մեքենայի վրա փակցված լինի ”Դեմ եմ պիտակը, ապա իրեն չի՞ կարելի պատժել, կարելի է չէ՞”: