Չհավատաք, որ Սեյրան Օհանյանն ու նրա պես մարդիկ կարող էին գնդակ ուղղել մարդկանց վրա. Աստվածատուր Պետրոսյան
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Շուշիի ազատագրման կարևորությանը և այդ գործում մեծ դեր ունեցած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նշեց, որ նա եղել է և կմնա ամենահայրենասեր ու սիրված զինվորականներից մեկը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ սահմանադրական կարգը տապալելու համար։
«Սեյրան Օհանյանը դեռևս շարունակում է իր գործունեությունը և շատ դեպքերում նա օգնում է, թե մենք ինչ ենք անելու հետո։ Ինքը կամ մենք այն մարդկանցից չենք, ովքեր ժամանակին պայքարել են, հիմա մի կողմ քաշվել։ Օրինակ՝ Կոմանդոսը ժամանակին պայքարել է, ճիշտ է, այժմ Զինված ուժերում չէ, բայց իր խորհուրդներով ու գիտելիքներով բանակին օգնում է։ Սա այն տեղը չէ, որ, ասենք, որտեղ մենք չկանք, թող կործանվի, այս մտայնությունը մեր միջից պետք է հանենք»,- ասաց Ա. Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հայրենասիրությունը չպետք է շփոթել քաղաքականության հետ, ուստի Սեյրան Օհանյանը հազարավոր մարդկանց կյանք է փրկել և երբեք ձեռք չէր բարձրացնի ու որևէ մեկի վրա գնդակ չէր ուղղի կամ նման հրաման չէր տա։
«Իմ կարծիքով՝ մարդուն պետք է դատել ոչ միայն անցյալի գործերով, այլև ներկայով։ Վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը հմուտ կանգնած է հայրենասիրության և հայրենանվիրման դիրքերում»,- հավելեց գեներել-մայորը: