Երբ գալիս է սեպտեմբերը. Առավոտ
“Առավոտ” թերթն իր խմբագրականում անդրադարձել է Հայաստանում կրթության ոլորտին. “Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ եւ մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը եւ դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ` ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա` “սխալ” Արեւմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել` դա իրեն պետք չէր, որովհետեւ հեոու էր իր գործունեության ոլորտից:
Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ` խորհրդային “լայն, բազմակողմանի”, թե՞ արեւմտյան “նեղ, մասնագիտական” կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ “կողմ” եւ “դեմ” փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ` որպես գործատուի օրինակը, եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի` նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ` սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ “ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր”, դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ` ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:
Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետեւ թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը` դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի եւս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, եւ որովհետեւ այդպես է ընդունված, մարդը “պետք է” բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել: Այնպես որ` կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մոտիվացիան”,- գրում է թերթի խմբագիրը: