22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ. Էդմոն Մարուքյան

Երեկ Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով կուսակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:

Քիչ առաջ այս կապակցությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա ելույթի ուշագրավ մտքերը ներկայացնում ենք ստորև.

Մանիպուլյացիաների մասին

«Մենք արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ չգիտենք՝ աշխատե՞նք, թե՞ ամեն օր հերքենք, չգիտենք՝ գործ անե՞նք, քաղաքացիների շահերը ներկայացնե՞նք, ծառայենք Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ ամենօրյա ռեժիմով մանիպուլյացիաներին պատասխանենք: Ավելին ասեմ, նաև ռեսուրս չունենք՝ մանիպուլյացիներին պատասխանելու, որովհետև հեռուստաընկերություն չունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այսինքն, Հ1-ը, որով չեն ասում, որ «Լուսավորի» դեմ վարչապետը մանիպուլյացիա է արել, կամ ուրիշ հեռուստաընկերություններով, մնացել է Ֆեյսբուքը, Ֆեյսբուքի հույսին նստած ենք»:

Ի՞նչ է տեղի ունեցել

«Այսօր Կառավարությունը նիստ է արել, բավականին զվարճալի, ուրախ նիստ է եղել, հումորով, որը շատ ողջունելի է: Նայել եմ: Կապանում էի երեկ, այսօր Եղեգնաձորում, նայել եմ: Դե վարչապետը իր ոճով ինչ-որ բաներ ասաց, չհասցրի ճանապարհներին ուղղակի հասկանալ՝ ինչ է կատարվում: Հասկացա, որ մերժել է մեր նախագիծը, չհասկացա՝ էլ ինչ է եղել: Հիմա հասնում եմ տուն ու նայում եմ գրառումներ, պարզում եմ ի՞նչ: «Surprise»: Բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել, որի համաձայն պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է, որը տարբեր նախագծերով հարմարեցնում է իրավիճակ, որ ահաբեկչություն լինի: Մտածեցի, որ երևի դա այդքան ազդեցություն չունի: Հետո նայում եմ բոլոր գրառումները, պարզվում է՝ մենք կարող է արդեն Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ հայտնվենք, եթե եթերով չասեմ, որ մենք կապ չունենք դրա հետ: Բայց TV-ները մեղավոր չեն: Հեռուստաընկերություններն ի՞նչ են արել: Տվել են վարչապետի խոսքը: Դե ասում են՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան է, թիմ մեկ պաշտոնյան երկրի որ ասում է, ուրեմն այդպես է: Երկրի թիվ մեկ պաշտոնյան էլ խոսում է, բաներ է ասում, որ կապ չունի մեր նախագծի հետ, և այդ ասած բաների արդյունքում մարդիկ մտածում են, որ մենք ահաբեկչական նախագծեր ենք ներկայացնում:

Պատկերացնում եք՝ ի՞նչ է կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածես, որոնք իրականությանը չեն համապատասխանո՞ւմ: Հա՞: Էդ ի՞նչ բանի եք, ուրիշ բանուգործ չունեք դուք: Չեք ուզում նախագիծը, մերժեք, սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում:

Ուրեմն, «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է նախագիծ, որով մենք առաջարկում ենք օրենքը բերել նախկին իրավակարգավորումների: Իսկ որո՞նք էին այդ իրավակարգավորումները: Երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը ժամանակին տեղադրվում էին Կառավարության կայքում: Հետո Սերժ Սարգսյանը, որը սուպերվարչապետական ահասարսուռ համակարգն էր կառուցում, բերեց մի օրենք, այս օրենքը, որը մենք ուզում ենք հետ փոխել, այդ օրենքով գրեց, որ դանք գաղտնի են լինելու: Հետո եղավ հեղափոխություն: Հեղափոխությունից հետո «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի հետ համատեղ «Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է նախագիծ՝ առաջարկելով օրենքը բերել նախկին իրավակարգավորումների: Այդ օրենքին դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը անձամբ, Արտակ Զեյլանլյանը՝ պնդելով, որ դա հակասահմանադրական է, և մենք բոլորս դեմ ենք եղել: Ու մենք այդ օրենքը ներկայացրել ենք: Ու մեկ էլ պարզվում է ի՞նչ: Նախարարի զեկույցից հետո, ով ասում է՝ չի կարելի սա հրապարակել, վարչապետն ասում է. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց, ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»: Եվ հեռուստաընկերությունները հեղափոխության լիդերի խոսքը եթեր են տալիս:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում: Այսինքն այսօր ՀՀ քաղաքացին մտածում է, որ մենք տեռորիստներին աջակցող խմբավորում ենք: Մինչդեռ խոսքը գնում է գիտեք ինչի մասին, սիրելի քաղաքացիներ: Ուրեմն բարձրաստիճան պաշտոնանատար անձինք, որոնց անվտանգությունն ապահովվում է պետության կողմից՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, որոշ դեպքերում կարող է լինել վարչապետի թեկնածուն և Հանրապետության նախագահը, այս մարմինների ծախսերը, խոսքը պոստ ֆակտում կատարված ծախսերի մասին է, օրինակ, եթե ինքնաթիռով գնաց ինչ-որ տեղ, ինչքան գումար ծախսվեց դրա վրա, ինչ-որ հյուրանոցում մնաց, ինչքան գումար ծախսվեց դրա վրա: Ժամանակին դա թափանցիկ էր և մենք գիտենք՝ Սերժ Սրագսյանն ինչքան գումար է ծախսում: Հետո Սերժ Սարգսյանը տեսավ, որ իրեն քննադատում են դրա համար, բերեց և ընդունեց օրենք 2014 թվականին, որին դեմ էր ՀԱԿ-ը, որի անդամ էր Նիկոլը, ես էլ անկախ պատգամավոր: Ու հիմա նույն նախագիծը բերել ենք, որ թափանցիկ լինի, վարչապետն ասում է այն, ինչ ես»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նման որակավորումները նպատակ ունեն սուտ լուրեր տարածել ԼՀԿ-ի մասին.

«Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ մտածում եք, որ կարող եք նիստում նման սուտ բաներ խոսել, թե՞ ինձ եք մոռացել, մոռացել եք՝ ես ով եմ, չգիտե՞ք, որ ինչ սուտ ասում եք, պիտի հերքենք: Հազար բան եք խոստացել, արեք, ո՞ւր է անցումային արդարադատությունը, աշխատեք, եկել եք, ասում եք՝ խորհրդարանը պիտի անի, այ քեզ գան, ո՞վ պիտի անի, ձեր մեծամասնությո՞ւնը, թող անի, աշխատեք, ուղղակի աշխատեք: Ուրիշ բանուգործ չունե՞ք, հեգնում եք «Լուսավոր Հայաստանին», հարկատուներից գումար եք ստանում, որ մեր մասին սուտ խոսե՞ք:

ԼՀԿ-ն որը ճիշտն ա, ասում է՝ ճիշտ ա, լավն է, որը վատն է, ասում է վատը:

Քանի որ մեր մասին այս սուտը տարածվել է, պարո՛ն վարչապետ, դուք անձամբ հետևեք, որ այս րոպեները գնան Հանրային ՀԸ լուրերով, որ Ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի: Եթե չգնաց, ֆիքսում ենք, որ պետական ռեսուրսներն օգտագործում եք մեր մասին սուտ լուրեր տարածելու համար»:

 

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ