Նիկոլ Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը. Աշոտյան
՛՛Ողջունում եմ, որ քվեարկությանը մասնակցել են պատգամավորներ նաև ոչ իշխանական խմբակցություններից, ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ ԱԺ նախագահի ընտրություններին ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի մասնակցության մասին:
Աշոտյանի խոսքով՝ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել ճիշտ չէ պետականաշինության գործընթացում: ՛՛Խոսնակի պաշտոնը, ԱԺ-ի դերակատարությունն այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից պատգամավորները իրավունք ունեն չմասնակցելու, բայց ժամանակի հրամայականն է լինել քաղաքականության մաս՛՛,-նկատեց նախարարը:
Դիտարկմանը, թե սա վկայում է, որ այս երկու ուժերը իշխանության հետ ՛՛ջերմ՛՛ հարաբերությունների մեջ են, Աշոտյանն արձագանքեց. ՛՛Ես ողջունում եմ պատգամավորների քաղաքացիական ու քաղաքական կեցվածքը, երբ կարողանում են զանազանել տարբեր հարցեր ու հասկանալ, որ քաղաքական համակարգի մշակույթի ձևավորման տրամաբանության մեջ իրենց մասնակցությունը կարևոր քայլ է՛՛:
Լրագրողները նաև հիշեցրին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մի անգամ արած հայտարարությունը, թե ՛՛ԲՀԿ-ն մերն է՛՛, և հարցին, արդյոք հիմա դա ապացուցվեց, Աշոտյանը պատասխանեց, որ բոլոր քաղական ուժերն էլ իրենցն են. ՛՛Բոլորն էլ մերն են, մենք էլ իրենցն ենք: Առանց մեկս մյուսի չենք կարող աշխատել՛՛: