23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Ինձ կտեսնեք չեմպիոնի կոչման պայքարողի դերում”.Լեւոն Արոնյան

”Շախմատային Հայաստան” հանդեսը հարցազրույց է ներկայացրել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ:

 

 

-Լեւոն, հավակնորդների մրցաշարն ավարտված է, բայց շատերիս համար գաղտնիք է մնում Ձեր անհաջողությունների պատճառը: Իսկ Դուք ինչպե՞ս կբացատրեք…

– Դժվար է բացատրելը: Եթե մի քանի բառով ասեմ. ես իմ դիրքերը պարզապես չէի ստանում: Ստացվում էին բարդ դիրքեր, որտեղ իմ ուժը չէի կարողանում կիրառել: Ինձ համար մրցաշարը քիչ դրական բան տվեց, քանի որ ես լավ չէի խաղում: Այժմ երկու տարի չեմ կարողանա աշխարհի առաջնության համար պայքարել, թեեւ լավ կողմն էլ կա` շատ ժամանակ կունենամ պատշաճ պատրաստվելու համար: Նման մրցաշարում հաղթելու համար շատ աշխատանք է անհրաժեշտ: Խանտի Մանսիսկի գլխավոր դասն ինձ համար փորձն էր, քանի որ ուժեղ մրցաշարերի փորձը շատ կարեւոր է:

Հիմնական սխալներս Անանդի հետ երկրորդ եւ մրցաշարի վերջին երկու պարտիաների ընթացքում էին: Տասներեքերորդ եւ տասնչորսերորդ տուրերում արդեն հասկանալի էր, որ առաջինը չեմ կարողանա լինել, եւ ես ինձ նման չէի խաղում: Չեմ ասի, որ վատ էի խաղում, պարզապես կային տարրական բաներ, որ չէի նկատում, թեեւ դրանք պետք է ինձ համար պարզ լինեին: 

Ինչ վերաբերում է Անանդին, ինձ վրա ազդեց երկրորդ պարտիան: Չեմ կարծում, որ առաջին տուրում նրանից կրած պարտությունը որեւէ ազդեցություն ունեցավ վրաս: Սակայն երկրորդ խաղի ժամանակ ես ստրատեգիական սխալ արեցի: 

-Ձեր ընկերուհին` Արիանեն, հաճախ է Ձեզ ուղեկցում մրցաշարերում, բայց Խանտի Մանսիսկում չկար, նրա բացակայությունը կարո՞ղ էր Ձեզ խանգարել:

– Այնպես էր ստացվել, որ լավ չէի խաղում, եւ ամեն ինչն էլ, ինչ չի եղել, խանգարում էր: 

– Պարտիաներից ո՞րն էր ամենաբարդը:

– Բարդ պարտիաները շատ էին, բայց երբ խաղդ չի ստացվում եւ կոպիտ սխալներ ես կատարում, ամեն պարտիա էլ դառնում է բարդ:

– Իսկ Ձեր ամենահաջողված պարտիան ո՞րն է:

– Կարծում եմ` Կարյակինի դեմ առաջին խաղը:

– Իսկ Անանդի հաղթանակը սպասելի՞ էր Ձեզ համար: Նրան համարո՞ւմ էիք ուժեղ հակառակորդ մինչեւ մրցաշարի սկիզբը:

– Ոչ, ես չէի կարծում, որ նա լավ կխաղա, քանի որ նրա համար դժվարությունները պետք է որ շատ լինեին: Սակայն այդպես լինում է, երբ մարդը կորցնում է որեւէ թանկ բան, այս դեպքում` չեմպիոնի գահը, եւ սկսում է ավելի հանգիստ լինել, հանգիստ խաղալ: Մրցաշարից առաջ որպես հիմնական հակառակորդ ես տեսնում էի Կրամնիկին: 

– Օլիմպիադայից ի՞նչ ակնկալիքներ կան:

– Մեզ մոտ միշտ էլ նույն հույսերն են, որ պետք է լավ խաղանք: Վերջին թիմային մրցաշարերում լավ հանդես չենք եկել, բայց ես լավատես եմ: Մեր հավաքականի պես հավաքական պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել: Սա իրոք շատ ուժեղ թիմ է, այս տղաներին ոչնչով չես կարող կոտրել, ոչ մի անհաջողություն նրանց չի ջարդի: Այժմ մենք ամեն օր պարապում ենք: Ինձ շատ հաճելի է թիմի հետ լինելը, այստեղ մեծ շախմատիստներ են հավաքվել, եւ մենք միասին աշխատում ենք արդյունքի հասնել:

– Այնուամենայնիվ, կտեսնե՞նք Ձեզ երկու տարի անց աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարողի դերում:

– Ժամանակը ցույց կտա, բայց ինձ թվում է` այո (ժպտում է):

– Իսկ աշխարհի չեմպիոնի՞ դերում:

– Իմ կողմից անհամեստություն կլինի ասել այն, ինչ մտածում եմ: Ես իմ մեջ հավատում եմ, ունեմ իմ կարծիքը, բայց եթե բարձրաձայնեմ, մարդկանց կթվա, որ երազանքների աշխարհում եմ ապրում, քանի որ այսօր շատերն են լավ խաղում:

– Անանդ-Կարլսեն մրցախաղում ո՞վ կհաղթի ըստ Ձեզ: Եվ ո՞ւմ հաղթանակը Ձեզհամար ավելի նպաստավոր կլինի:

 – Կարծում եմ` այնուամենայնիվ, կհաղթի Կարլսենը: Իսկ ինչ վերաբերում է ինձ համար նպաստավոր լինելուն, լավ կլինի, եթե Անանդն ու Կարլսենը մի գեղեցիկ օր երկուսով շախմատը թողնեն (ծիծաղում է): Բայց այս ամենը դեռ շատ հեռու է ինձ համար: Պետք է նախ ինքս աշխատեմ ինձ վրա, ապա անցնեմ բոլոր պահանջվող փուլերով: Ես լավատես եմ, բայց պետք է իրական կյանքով ապրել:

Հոդվածն ամբողղջությամբ կարող եք կարդալ այստեղ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ