“Սուլթանիզմի ճանապարհով առաջնորդվող Էրդողանին չեմ հավատում, երազախաբություն է”. Խաչիկ Ասրյան
“Այս պատմական օրը ես ուզում եմ կոչ անել Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, հայ ժողովրդին, որ միշտ լինեն գոտեպնդված, միշտ գիտակցեն աշխարհագրական մեր դիրքը, սուլթանիզմի ճանապարհով առաջնորդվող Թուրքիայի եւ Ադրբեջանին ղեկավարների մտահղացումները հայերի հանդեպ եւ յուրաքանչյուր օր լինեն Ազգային բանակի, Հայոց նախագահի եւ Հայոց պետականության կողքին՝ ստեղծելով մեծ ու հզոր Հայաստան, սա է մեր միակ փրկությունը”,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը:
Նա անդրադարձավ նաեւ Թուրքիայի վարչապետի նախօրեին արված այն հայտարարությանը, որով նա ցավակցել էր բոլոր ազգերին:
“Սուլթանիզմի ճանապարհով առաջնորդվող Էրդողանին չեմ հավատում, երազախաբություն է: Ես չեմ ընդունում Էրդողանի հայտարարությունը, մի մարդու, ով իր ղեկավարման տարիներին հնարավորություն ուներ ընդունելու Հայոց Ցեղասպանությունը: Հիմա եկել 100-րդ տարելիցի շեմին ձեւականություն է անում: Անհավատալի հայտարարություն է դա”,-եզրափակեց Ասրյանը: