Նրանք վտանգավոր են Փաշինյանի իշխանության համար. 168 ժամ
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին հայացքից թվում է կուռ ու մոնոլիտ։ Սակայն դա միայն առաջին հայացքի տպավորություն է։ Այն՝ չունենալով գաղափարական հենք ու իրական գաղափարակիցներ, հեղհեղուկ է և կարող է փլուզվել ցանկացած պահի։
Համենայնդեպս, այդ իշխանության հիմնական աղբյուրը՝ հանրային վստահությունը, նվազում է ամեն օրվա հետ։ Որքա՞ն կկարողանա Նիկոլ Փաշինյանն իր անձնական հեղինակությամբ ու վարկանիշով «ծածկել» սեփական թիմակիցների ձախողումներն ու տապալումները, այս պահին, իհարկե, դժվար է ասել։
Առերևույթ թվում է՝ իշխանությունն իրեն համարժեք ընդդիմություն չունի, և ֆորմալ առումով դա իսկապես այդպես է. խորհրդարանական ընդդիմությունը չափազանց թույլ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վտանգ ներկայացնելու համար։ Սակայն Ազգային ժողովից դուրս խորհրդարանական ուժերի շրջանում ցանկացած պահի կարող է ձևավորվել համախմբում, որը կարող է իր համար նպատակ հռչակել Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացումը։
Այդ հնարավոր միավորման մեջ կարող են ներառվել Հանրապետական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն սատարողներով, անգամ նորաստեղծ կուսակցություններից մի քանիսը։ Եթե նման միավորում կայացավ, ու այն որպես նպատակ հռչակեց իշխանափոխությունը, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ արտախորհրդարանական ուժերի շրջանում ինչ-ինչ գործընթացներ կարող են ծավալվել արդեն այս գարնանը։
Համենայնդեպս, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն քննարկումների հարթակ է նետել «Հայաստան՝ Նիկոլից հետո», «Post-Նիկոլ» թեզը, որի իրագործման համար առաջարկվում է ստեղծել լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ հաղթելու ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանին, այլև՝ հաղթահարելու ահագնացող տեմպերով կուտակվող լրջագույն խնդիրները:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: