Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք. Սաթիկ Սեյրանյանը՝ վարչապետի խոսնակին
Դուք վերջին 9 ամիսների ընթացքում վերջապես ձեռք եք բերել ազատություն և կարող եք ազատորեն քննադատել ցանկացած երևույթ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, «Իշխանություն-Մամուլ. հակամարտությո՞ւն, թե՝ Համագործակցություն» թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը դիմեց Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին:
«Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք, մենք ազատ էինք»,-արձագանքեց Սաթիկ Սեյրանյանը:
«Ես գիտեմ, թե որքան ազատ եք եղել, հետևել եմ Ձեր եթերին, գործունեությանը, շատ ուրախ եմ»,-արձագանքեց Կարապետյանը:
Սեյրանյանն իր հերթին նշեց, որ աշխատել են և՛ Քոչարյանի ժամանակ, և՛ դրանից հետո, և՛ հիմա. «Եկեք միմյանց հիշողությունները չթարմացնենք: Բայց ես այլ բանի մասին եմ ուզում խոսել՝ հանրությունը լո՞ւրջ վերաբերվի այն հայտարարություններին, որոնք անում է պատգամավորը կամ ԱԺ փոխնախագահն Ազգային ժողովի ամբիոնից»:
«Տիկին Սեյրանյան, Դուք հարցն ուղղում եք պաշտոնյայի, ով ուղիղ կապ չունի և չի կարող Ձեզ սովորեցնել կամ հուշել, թե ինչպես պետք է աշխատել պատգամավորների հետ»,-պատասխանեց Կարապետյանը:
Նշենք, որ քննարկումը վերաբերում էր ԱԺ ամբիոնից հնչած հայտարարարություններին, որոնք վերաբերում են լրատվական դաշտում կարգավորումներ մտցնելուն:
Ի դեպ, վարչապետի խոսնակը չկարողացավ թվարկել այն լրատվամիջոցներին, որոնք ծառայում են նախորդ իշխանություններին: Հիշեցնեն, վարչապետ Փաշինյանի խոսքերով, լրատվամիջոցների 90 տոկոսը ծառայում են նախկիններին: Կարապետյանը նաև չնշեց մնացած 10 տոկոսի մեջ մտնող ԶԼՄ-ների անունները: Ասաց՝ հարցում ուղարկեք, կպարզեն կասեն: