Ցայտնոտի մեջ են՝ ով է դառնալու քավության նոխազ. Ժողովուրդ
Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում արդեն իսկ մտավախություններ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու: Եւ հիմա խոսվում է այն մասին, որ իրավախախտ որոշումներ կայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության: Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի եւ ազատել կալանքից:
Բայց դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Այս իրավիճակից ելնելով` նրա պաշտպանական կողմը ՄԻԵԴ գանգատ ուղարկեց: Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:
Եւ, ահա, փետրվարի 1-ին ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Եվ այս իրավիճակից ելնելով` իրավապահ համակարգը քննարկում է, թե ով կամ ովքեր են իրավախախտումներ թույլ տվել, որի համար կարող են պատասխանատվություն կրել:
Բանն այն է, որ դատախազներն ու քննիչներն այսուհետեւ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համար մեղավոր են նաեւ նրանք: Ու մինչ իրավապահները սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը արդեն եղած փաստերի մասով, նախաքննական մարմինը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, նոր մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանին՝ այս անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:
Սրանով, իհարկե, մի փոքր անլրջացվեց այն մեղադրանքը, որն առաջադրված էր մինչ այս, քանի որ իրավաբանության հետ առնչություն ունեցող մարդը հասկանում է, որ անհեռանկար մեղադրանք է: Ինչո՞ւ. որովհետեւ կաշառքի մասին հայտարարությունը դարձյալ արել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որն, ըստ այլ առիթով հարուցված քրգործերի, կաշառք է տվել Սամվել Մայրապետյանին, նա էլ իր հերթին այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին:
Հենց Գեւորգյանն էլ, ենթադրվում է, որ պետք է գումարը տար Ռոբերտ Քոչարյանին, սակայն կաշառք ստացողներից մեկը` Սամվել Մայրապետյանը, չի ընդունում մեղադրանքը, Արմեն Գեւորգյանին դատարանը չկալանավորեց, քանի որ գործով որեւէ հիմնավոր ապացույց չկար, որ նա կաշառք է ստացել: Ու այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես, ինչ հիմնավորմամբ է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Ավելին` այնքան էլ լուրջ չեն ընկալվում գործերը, որոնցով խոսվում է, որ նախկին պաշտոնյաներին Սիլվա Համբարձումյանը կաշառել է ժամանակին:
Նախաքննական մարմնի կողմից հանցանքի այս տեսակը՝ կալանքը, այսքան անլրջացնելը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քանի որ կաշառքի գործերն ամենադժվար ապացուցվող հանցատեսակներն են: Նույնիսկ հանցաքնի վայրում են մարդկանց բռնում կաշառք ստանալիս, չեն կարողանում ապացուցել. արդարանում են, թե պարտքն էր վերադարձնում: Ու դժվար է պատկերացնել, թե 10 տարի առաջվա կաշառքի դեպքը ինչպես պիտի ապացուցվի: Բայց պարզվում է՝ այս գործերով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատավարական կողմերին: Տեսնենք, թե ինչ դատական ավարտ կունենան այս գործերը, որոնց ելքի մասով վատ եվրահեռանկար է ուրվագծվում»։
Այլ հրապարակւմներին նթացեք թերթի այս համարում: